Բացահայտվեց հանցագործ խո՞ւմբ

Բացահայտվեց հանցագործ խո՞ւմբ
Երեկ առավոտյան Մյասնիկյան պողոտան փակ էր՝ խցանում էր: Պատճառը, սակայն, ոչ թե հերթական շքերթի փորձն էր, այլ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված հատուկ միջոցառումների շրջանակներում հանցագործ խումբ էր վնասազերծվել: Ոստիկանները հետապնդել էին հանցագործության մեջ կասկածվող խմբին, սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60 OO 086  պետհամարանիշով մեքենան փախուստի ժամանակ բախվել էր փողոցի սյանը, ինչից հետո կասկածվող անձինք դուրս էին նետվել մեքենայից եւ փորձել փախչել:



Նրանցից մեկը՝ «Եթում» մականունով Գուրգեն Հայրապետյանը, ժայռից վայր էր ընկել եւ մահացել։ Նա Ռուսաստանում կատարած ավազակային հարձակման համար ազատազրկման էր դատապարտվել 9 տարով եւ  անցյալ տարի վաղաժամկետ պայմանականով ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից: Ենթադրվում է, որ հետապնդվող խումբը կապ ունի այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին կատարված ավազակային հարձակումների հետ:



Տեղեկատվական խառնաշփոթ



Ոստիկանությունը երեկ ամբողջ օրը զերծ մնաց պաշտոնական տեղեկատվություն տրամադրելուց, ինչի արդյունքում սկսվեց տեղեկատվական խառնաշփոթ: Բոլոր լրատվական կայքերը փորձում էին տեղեկություններ հայթայթել: Ըստ որոշ տեղեկությունների, հանցախմբի մեջ պաշտոնյաների որդիներ են. ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի որդիները:



Վերջինս հերքել էր՝ ասելով, որ իր որդին ծառայում է բանակում, իսկ քաղաքաշինության նախարարի որդու վերաբերյալ ասացին, որ աշխատանքի է: Ավելի ուշ տեղեկացանք, որ 13 անձ բերման է ենթարկվել: Նրանք ուշ երեկոյան ոստիկանությունում էին: Բերման ենթարկվածների մեջ է նաեւ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին` Նշանիկ Մաթեւոսյանը: Ըստ պաշտոնական վարկածի, սակայն, նրան բերման են ենթարկել ոչ թե դեպքի վայրից, այլ Երեւանի պետհամալսարանի մերձակա տարածքից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:



Ոստիկանության Երեւանի բաժնի պետ Ներսես Նազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ  մեքենայում, բացի զենք-զինամթերքից, թմրանյութ է հայտնաբերվել: Պարոն Նազարյանը նաեւ հաստատեց, որ Նշանիկ  Մաթեւոսյանը բերման է ենթարկվել ու բացատրություն է տալիս: Ինչ վերաբերում է այլ պաշտոնյաների մերձավորներին, ապա, ըստ ոստիկանապետի, տարբեր կայքերում նշված անուններն իրականություն չեն: «Կարող են շատ մարդիկ կանչվել, հարցաքննվել, նախաքննություն է, անուններ դեռ չենք կարող տալ: Համբերեք մի քիչ, կոնկրետ այսօր, երեւի օրվա կեսին որոշ բաներ պարզ կլինեն»,- ասաց Ն. Նազարյանը: Նա նաեւ հերքեց, թե բանդայի խմբում ոստիկաններ կան:  Ի դեպ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չէր բացառել, որ նոր ձեռագրով հանդես եկող ավազակային խմբի մեջ համակարգից մարդիկ կլինեն:



Հիշեցնենք, որ ամիսներ առաջ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մեր թերթի հետ զրույցում նշել էր, որ այդ հանցախումբը մարտահրավեր է նետել ոստիկանությանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս բացահայտումը կապ ունի նախագահին տված Ալիկ Սերգեյիչի վերջին խոստումների հետ, որ հանցագործությունը բացահայտվելու է: