Ճանաչել է Աբխազիայի անկախությունը

Ճանաչել է Աբխազիայի անկախությունը
Խաղաղ Օվկիանոսում գտնվող Թուվալու կղզի-պետությունը ճանաչել է Աբխազիան որպես անկախ հանրապետություն:



«Աբխազիայի եւ Թուվալուի Հանրապետությունների կառավարությունները, ցանկանալով ներդրում կատարել երկու երկրների փոխհամաձայնության, բարեկամության ամրապնդման եւ համագործակցության համար, հետապնդելով ՄԱԿ-ի սկզբնունքներին եւ նպատակներին, միջազգային իրավունքին եւ պայմանագրերին, որը վերաբերում է սուվերեն պետությունների հավասարությանը, միջազգային խաղաղության պահպանությանը…որոշել են սկսել դիվանագիտական հարաբերություններ այս համատեղ փաստաթղթի ստորագրման պահից»,- նշված է կողմերի միջեւ ստորագրված փաստաթղթում:



Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Թուվալուի պաշտոնական պատվիրակությունը հատուկ այցելել է Աբխազիա համաձայնագրի ստորագրման եւ կառավարության հետ կապեր հաստատելու համար: Նշենք, որ նախկին բրիտանական գաղութ Թուվալուն անկախացել է միայն 1978 թվականին:



Կղզու բնակչությունը չի անցնում 10 հազարը: Այս պետությունը չունի  արդյունաբերություն, բազմաթիվ ավտոմեքենաներ, իսկ փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է ընդամենը 8կմ: Գիտնականներից շատերը կարծիք են հայտնել, որ առաջիկա 50 տարիների ընթացքում այս պետությունը կվերանա, քանի որ կղզին կանցնի ջրի տակ: Կղզու մի մասն արդեն իսկ անմարդաբնակ է, քանի որ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով այնտեղ այլեւս հնարավոր չէ ապրել: Մասնագետները սա պայմանավորում են գլոբալ ջերմացման տենդենցով:



Ինչ վերաբերում է Աբխազիայի անկախության ճանաչմանը, հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանն առաջինն պետությունն էր, որ ճանաչեց այն: Նրա օրինակին մինչ օրս հետեւել են միայն Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն եւ նրա անմիջական հարեւանությամբ գտնվող Թուվալուն: