Նիցայում բացվեց Ռուբեն Սևակի հուշաքարն՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Նիցայում բացվեց Ռուբեն Սևակի հուշաքարն՝ ի հիշատակ Ցեղասպանության  զոհերի
2007թ.-ից  ի վեր  Երևանն ու  Նիցան քույր քաղաքներ են: Երկու քաղաքների միջև սկիզբ  առած համագործակցության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, Նիցայի քաղաապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Հայաստանի պուրակում բացվեց Ռուբեն Սևակի հուշաքարն ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:



Հանդիսավոր արարողությունը գլխավորում էին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և իր ֆրանսիացի գործընկեր Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին նաև Նիցայի Քաղաքային խորհրդի պատգամավորներ Ռուդի Սալը, Մյուրիել Մարլան-Միտելլոն, Անի Կասիգյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան  Վիգեն Չիթեչյանը և այլ պատվավոր հյուրեր:



Քաղաքապետներն իրենց ողջույնի խոսքում նշեցին, որ, այսպիսով, ևս անգամ ամրապնդվում են քույր քաղաքների բարեկամությունը և հետագա համագործակցությունը ժողովրդավարական, մարդասիրական այն արժեքների հիման վրա, որոնք միավորում են Հայաստանն ու Ֆրանսիան:



Ամենաջերմ ծափողջույնններն ուղղված էին Ռուբեն Սևակի դստերը՝ 97-ամյա Շամիրամ Սևակին, որը, հրաշքով փրկվելով ցեղասպանության ճիրաններից և հանգրվանելով Նիցայում, իր կյանքի ողջ ընթացքում անդադար պայքարել է ցեղասպանության  ճանաչման և հայ նահատակների հիշատակը վառ պահելու համար: Հուշաքարը, ըստ Շամիրամի, ընդմիշտ միավորեց իրեն հոր՝ Ռուբեն Սևակի հետ:



Արարողությունն առանձնահատուկ էր նաև այն առումով, որ աշխարհիկ Ֆրանսիայում, ուր կրոնական պատկանելության ընդգծումն արգելվում է օրենքով, հաշվի առնելով տեղի հայ համայնքի ցանկությունը, Նիցայի քաղաքապետի բացառիկ թույլտվությամբ հուշաքարը ստացավ հոգևոր հայրերի օրհնությունը:



Այնուհետև, Մասենա պալատը հյուրընկալեց միջոցառման մասնակիցներին՝ տոնելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը:



Մանե Մամյան

Նիցա, Ֆրանսիա



Լուսանկարները՝ Մանե Մամյանի եւ Էլլադա Քեշկեքյանի