1+5. ՀԱԿ քաղաքացիական անհնազանդության բանաձեւը

1+5. ՀԱԿ քաղաքացիական անհնազանդության բանաձեւը
«Այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները»,- ուրբաթ օրը Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքում հավաքվածներին ասաց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Հրապարակում հավաքվածները թեեւ նախորդ անգամվա համեմատ ավելի էին, սակայն այնքան չէին, ինչքան ակնկալում էին մարդիկ: Ինձնից քիչ հեռու կանգնած մի կին անգամ դժգոհեց, որ հասարակությունը չի հասկանում պայքարելու կարեւորությունը: Ուստի Տեր-Պետրոսյանը պատգամեց հավաքվածներին. «Ես ձեզ միշտ եղբայրաբար եմ վերաբերվել եւ ձեզանից երբեք ոչինչ չեմ խնդրել: Սակայն այսօր ես ձեզ հանձնարարություն եմ տալիս` հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ ձեզ հետ բերեք հնգական մարդ»: Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մեկ շաբաթից` սեպտեմբերի 30-ին:



Մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց սկսվելիք քաղաքացիական անհնազանդության շարժման վրա: «Մենք կոչ ենք անում ժողովրդին՝ պատրաստվելու քաղաքացիական անհնազանդության հաղթարշավին: Ուրեմն պատրաստվեք քաղաքացիական անհնազանդության ազգային հաղթարշավին, որի շնորհիվ ժողովուրդը կվերագտնի սեփական երկրում իշխելու սուվերեն իրավունքը, եւ Անկախության 20-ամյակը կնշանավորվի ժողովրդավարության հաղթանակով»,-հայտարարեց Զուրաբյանը: «Քաղաքացիական անհնազանդության արշավին պատրա՞ստ եք»,- Զուրաբյանի հարցին ի պատասխան հավաքվածները բացականչեցին`  այո: Զուրաբյանի խոսքով` «Սերժ Սարգսյանը մտածում է, որ զիջումներով թուլացրել է լարվածությունը: Իշխանությունները մեզ հղում են պարզ ուղերձ, որ մենք տասնյակ հազարներով մարդկանց հրապարակ հանենք: Դա է նետված մարտահրավերը: Մենք ընդունո՞ւմ ենք այդ մարտահրավերը: Մենք պատրա՞ստ ենք ռեժիմին ասել, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելով եւ Ազատության հրապարակն ազատելով, մենք բավարարվել չենք կարող»,- Զուրաբյանի հարցերին հավաքվածները կրկին բացականչեցին` այո:



Ուշագրավ էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթը: Նա հանրահավաքի եկածներին ցույց տվեց ՀՀԿ անդամատոմսերի մի խուրձ, որոնք վերջերս այդքան ժրաջան բաժանում են ՀՀԿ-ականները, հայտարարելով, որ հարյուրավոր մարդիկ անցած հանրահավաքից հետո հանձնել են այս կամ այն պարտադրանքով ստացած ՀՀԿ կուսակցական տոմսերը: «Իշխանության ճեղքը գնաց, եւ այդ ճաքն առաջիկա օրերին կլայնանա»,- կանխատեսեց Մանուկյանը:



Իր ելույթում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով, որ հարկավոր է ավելացնել իշխանությունների վրա գործադրվող ճնշումները, թվարկեց ՀԱԿ պահանջները. «Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ` նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները, առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը, չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։ Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը, օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան»։ Ապա ՀԱԿ առաջնորդը հավելեց. «Հասկանալի է, որ առավել դժվարինն առաջին երկու պահանջների կատարումն է: Ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման»։



Ապա Տեր-Պետրոսյանը սուր քննադատության ենթարկեց ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը. «Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հաշվին կայացած ցանկացած գործարք, եթե ոչ կարճաժամկետ, ապա երկարաժամկետ կտրվածքով, հաստատաբար դատապարտված է ձախողման։ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Սերժ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված անվերապահ ու անհաշվենկատ աջակցությունը ոչ թե հեշտացրել, այլ, ընդհակառակը, անհուսալիորեն բարդացրել է նրանց հետապնդած գլխավոր նպատակի իրականացումը, ինչի վկայությունն է թե հայ-թուրքական հարաբերությունների, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացներում ներկայումս տիրող գրեթե փակուղային վիճակը։ Այդ աջակցությունը նաեւ, սխալ հասկացվելով Հայաստանի ավազակաբարո իշխանությունների կողմից, նրանց շատ ավելի սանձարձակ ու հակաժողովրդական է դարձրել՝ հաղթահարելու փոխարեն ավելի եւս խորացնելով ժողովրդավարության եւ օրինականության ճգնաժամը, ինչպես նաեւ բազմապատկելով ժողովրդի տառապանքները»: «Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիության երկրները պետք է հասկանան վերջապես, որ թե հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ թե Հայաստանի մնացյալ կենսական խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի հաղթահարումը, օրինականության վերականգնումը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը եւ այլն, հնարավոր է միայն հիրավի ընտրյալ, օրինապահ եւ ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանությունների ձեւավորման պարագայում»,- շարունակեց ՀՀ առաջին նախագահը։



Նա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում խոստացավ: