Քոչարյանին կկանչե՞ն Ղարաբաղում

Քոչարյանին կկանչե՞ն Ղարաբաղում
Մոսկվաներում քաղաքական բարեհաճություն փնտրող Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանի կարծիքով, Արցախում դրական կընդունեն: Այլ հարց է, թե ղարաբաղցիները Քոչարյանին կհրավիրե՞ն առաջադրվելու Արցախում: Օրերս Երեւանում մի քանի հարց ուղղեցինք ԼՂՀ ԱԳ նախկին նախարարին:



- Պարոն Մայիլյան, Ձեր կարծիքով, Ռուսաստանում սպասվելիք Մեդվեդեւ-Պուտին փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Այստեղ վերադասավորումներ հնարավո՞ր են: 



-  Իրավիճակն այնպիսին է, որ դրսի ազդակներն ազդեցություն ունենում են Հայաստանի վրա, որովհետեւ Ռուսաստանը միայն դաշնակից չէ Հայաստանի համար, նաեւ բազում կապեր ունի Հայաստանի հետ: Մեզ դուր է գալիս, թե ոչ, բայց այնտեղի փոփոխությունները քաղաքական ազդեցություն են ունենում Հայաստանի վրա:



Կարող եմ ասել, որ դա կարող է ունենալ իր ազդեցությունն այստեղի քաղաքական դաշտի վերադասավորումների վրա, հատկապես, որ Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, բայց թե կոնկրետ ինչ ձեւի դասավորվածություն կլինի, դա կերեւա ապագայում:



- Ի վերջո, նոր ուժ կձեւավորվի՞ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, թե՞ վերադարձ կլինի ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի միջոցով:



- Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Քոչարյանի կշռի բարձրացման միտում կա, նաեւ դրա մասին վկայում է այն մեդիաակտիվությունը, որ ցուցաբերում է իր թիմը եւ հարակից թիմերը: Ինձ թվում է` առաջիկա շաբաթներում արդեն ավելի հստակ կլինի: Հիմա կոնկրետ  որոշակիություն կա Ռուսաստանում: Եվ թերեւս այստեղ այդ ազդակները կընդունեն այստեղի քաղաքական ուժերը եւ կընդունեն իրենց որոշումները: Հաշվի առնելով նախորդ փորձը հարաբերությունների, կարող եմ ասել, որ այդ ազդեցությունը լինելու է: Օրակարգում խորհրդարանական ընտրություններ են, եւ կախված, թե դրանք ինչպես կանցնեն, ինչ ուժեր կհայտնվեն խորհրդարանում, դրանից հետո պարզ կլինի ապագան, թե որ ուժի ներկայացուցիչը կարող է ավելի վստահորեն իր թեկնածությունը դնի:



- Կարծում եք հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանն իր տեղը զիջի Քոչարյանին:



- Ամեն ինչ հնարավոր է: Ամեն ինչ կախված է լինելու, թե ինչ վերադասավորում կլինի, ինչ ուժեր կլինեն խորհրդարանում: Եվ քաղաքական գործիչները, նաեւ առանձին անհատներ, իրենց որոշումները կկայացնեն այդ ժամանակ:



- Չե՞ք կարծում, որ «Մարտի 1»-ը լուրջ խոչընդոտ է Քոչարյանի վերադարձի համար:



- Դժվարանում եմ միանշանակ պատասխանել այդ հարցին: Ի վերջո ՀՀ քաղաքացիները պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն: Դեռ Քոչարյանը չի հայտարարել, որ ինքը պետք է ինչ-որ ձեւով առաջադրվի՝ լինի դա խորհրդարանականի, թե նախագահականի համար: Բայց իհարկե, դա վատ էջ է Հայաստանի պատմության մեջ:



- Իսկ ինչպիսի՞ն կլինի արցախցիների արձագանքը Քոչարյանի վերադարձին:



- Ինձ թվում է` դրական կլինի, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Իրադարձություններից առաջ չընկնենք:



- Եթե արցախցիների մոտեցումը դրական է, հնարավո՞ր է նրան կանչեն Ղարաբաղում առաջադրվելու:



- Ինչքան գիտեմ` ինքը նախընտրում է այս դաշտում խաղալ: Ինքն այս դաշտի խաղացողներից է: