Ո՞ւմ կտան Սյունիքը՝ ԲՀԿ-ի՞ն, թե՞ ՀՀԿ-ին

Ո՞ւմ կտան Սյունիքը՝ ԲՀԿ-ի՞ն, թե՞ ՀՀԿ-ին
Մինչ տարբեր կուսակցություններ նախագծում են իրենց համամասնական ցուցակները, մեծամասնական ընտրատարածքներից արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում: Ավելի ճիշտ՝ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողները փորձում են իրենց հարցերը ճշտել  նախագահի մտերիմներից: Հիշեցնենք, որոշ տեղեկություններով, Սերժ Ազատիչն ուզում է եկող Ազգային ժողովում նոր դեմքեր տեսնել, այնպիսիք, որոնք դեռ չեն արարտավորվել եւ քիչ թե շատ վայելում են ընտրողների հարգանքը: Թիվ 37 ընտրատարածքը, որն ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարծաշրջանները, ըստ մեր տեղեկությունների, տրվելու է ԲՀԿ-ին: Նշենք, որ այստեղից պատգամավոր է ընտրվել նախագահի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը:



Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա այլեւս մեծամասնականով չի  առաջադրվելու: Այս ընտրատարածքի համար առայժմ  շրջանառվում է 3 թեկնածուի անուն: Առաջինը Սյունիքի մարզպետի հորեղբոր տղան  է՝ Սասուն Խաչատրյանը, որը հանրապետական է եւ «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ գլխավոր տնօրենը: Մեզ չհաջողվեց խոսել նրա հետ, քանի որ Ս. Խաչատրյանն աշխատավայրում չէր: Խոստացան փոխանցել նրան, որ զանգի մեզ, սակայն այդպես էլ չզանգահարեց: Մյուս թեկնածուն նախկին զինվորական, ծնունդով Սիսիանից, անկուսակցական Վոլոդյա Հովհաննիսյանն է:



Գնդապետ Հովհաննիսյանը հայտնի է իր ըմբոստ հայտարարություններով, լինելով բանակային կորպուսներից մեկի փոխհրամանատարը, նա 2006-ին մի առիթով ասել էր. «Վազգենը կռվում էր հայրենիքի, ոչ թե փափկասուն Արմենչիկների համար»: Այս ընտրատարածքում հնարավոր հաջորդ թեկնածուն ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրված գորիսեցի Վաչագան Խուրշուդյանն է:



«Ես դեռ որոշում չեմ կայացրել, կարծում եմ՝ ժամանակ դեռ կա»,-երեկ մեզ ասաց նա: Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներն ու  տարածաշրջանների գյուղերն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելու են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանն ու քաղաքագետ Մենուա Հարությունյանը:



Վերջինս ծնունդով Մեղրիից է: Վահե Հակոբյանն արտերկրում է, ուստի չհաջողվեց խոսել նրա հետ:  Մենուա Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում չթաքցրեց, որ պատգամավոր դառնալու ցանկություն ունի: «Բայց ես հանրապետական եմ, եւ կուսակցությունը պիտի որոշում կայացնի՝ որ ընտրակարգով եմ առաջադրվում եւ որտեղ: Կամ առաջադրվո՞ւմ եմ ընդհանրապես»,-ասաց Մենուան:



Չի բացառվում, որ այս ընտրատարածքում առաջադրվեն նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված կապանցի Գագիկ Գեւորգյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանը, որը նույնպես Մեղրիից է: Առաջադրվելու մտադրությունի ունի նաեւ նախկին գյուղնախարար, ՕԵԿ անդամ կապանցի Գերասիմ Ալավերդյանը:



Սակայն, բնականաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի՝ Մաքսիմ Հակոբյանի որդի Վահեն Հակոբյանն առավելություն է ունենալու բոլորի նկատմամբ, եւ նրա հետ մրցելը դժվար է լինելու: Բայց որ Սյունիքում էլ կարող են թեժ ընտրություններ լինել, դա ոչ ոք չի ժխտում: