Կոմունիստներն այդպես էլ դուրս չեկան 20-ականներից

Կոմունիստներն այդպես էլ դուրս չեկան 20-ականներից
Երեկ կոմունիստ Վլադիմիր Պետրոսյանի գրքի շնորհանդեսը մի հարկի տակ էր հավաքել Հայաստանի կոմունիստներին՝   Ռուբեն Թովմասյանի Հայաստանի կոմունիստական կուսակցության, Վազգեն Սաֆարյանի Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցության, Յուրի Մանուկյանի Նորացված կոմունիստական կուսակցության որոշ ընկերների:



Հավաքույթին ներկա էին հիմնականում 60-ն անց պապիկներ, որոնք եկել էին իրենց ընկերոջ պատմափաստագրական երկհատոր աշխատությունն ու այնտեղ ներկայացված ժամանակահատվածի՝ 1919-1922թթ. դեպքերն ու իրադարձությունները քննարկելու: Նրանց նոստալգիան այնքան մեծ էր, որ թվում էր՝ ոչ դուրս էին եկել այդ շրջանից, ոչ էլ երբեւէ կարող են կտրվել այդ իրականությունից:



Հուշերի գիրկն ընկած կոմունիստ ընկերները բոցաշունչ ելույթներ ու գովեստի խոսքեր էին շռայլում «բարի եւ երանելի» կոմունիստական ժամանակաշրջանի մասին, գոռում-գոչում ծերունական ականջների համար լսելի տոնայնությամբ: Եվ քանի որ գրքում գնահատվել էր նրանց իշխանությունը, մեծահասակները լիուլի բավարարված էին. ապագա անելիքների մասին ոչ մի խոսք:



Նրանցից ամենաերիտասարդ կոմունիստը՝ Վազգեն Սաֆարյանը, գիրքը եւ ընտրված ժամանակահատվածը գնահատելով, հորդորեց կարդալ բոլորին՝ «պատմության այս ամենադրամատիկ ժամանակահատվածը ճիշտ հասկանալու, ճիշտ գնահատելու եւ ավելորդ վայրահաչեր չտալու համար»: «Այստեղ հանգամանալից պարզաբանվում են բոլոր պայմանագրերը, որը մեզ՝ կոմունիստներիս, գաղափարական զենք է տալիս»,- պարզաբանեց Սաֆարյանը, ապա վրդովմունք հայտնեց, թե ինչու են հայտարարում, թե Հայաստանը 20 տարեկան է, ինչու են կոմունիստների ստեղծածը ջուրը գցում:



«Ապրում եք Խորհրդային Հայաստանի հիմնադրածի ժամանակ, բայց փնովում եք այդ հասարակարգը, մարդ եք դարձել էդ ժամանակ՝ հիմա չեք ընդունում»,- վրա բերեց մեկ ուրիշը՝ Համլետ Աբրահամյանը: Մեկ այլ կոմունիստ՝ Հրանտ Ղազարյանը, խրոխտ տոնով, բայց բոլորովին անհոդաբաշխ տեքստով նախ գովաբանեց իրենց ժամանակները, ապա քննադատական խոսք ուղղեց կոմունիստներին քննադատողներին. «Իշխանափոխությունը ոչինչ չի կարող տա, այ մարդ, համակարգը փոխեցեք, իշխանափոխությունն ի՞նչ կարող է տալ:



Ձեր աչքի առջեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին ոչ լույս, ոչ ջուր, ոչ բան կար: Էդ դրանից հետո էլ ասում են՝ պատերազմ է, պատերազմ է, պատերազմ է»,- գրեթե մի շնչով արտասանեց նա, ապա, քննադատության վեկտորն ուղղելով ներկայիս իշխանություններին, շարունակեց. «Անընդհատ գոռում են՝ գնում ենք Եվրոպայի հետեւից, այ անասուն, էդ Եվրոպան աչքերներիս առաջ ռմբակոծեց Հարավսլավիան՝ վերջ տվեց, էդ Եվրոպան բաներ արեց, ո՞ւր եք գնում նրա հետեւից: Մենք ունենք փայլուն տրադիցիաներ, դա Սովետական Միության տրադիցիան է»:



Ապա արտահայտեց աշխարհացունց միտքը. «Հիմա էդ եղեռնի ունդունման մասին են խոսում, այ, էդ խոսակցությունները դատարկ խոսակցություններ են: Աշխարհի կեսը մուսուլմանական պետություններ են: Դուք հույս չունենաք, որ մուսուլմանները դավաճանելու են թուրքերին եւ ճանաչեն հայկական եղեռնը: Ո՞ր ազգը չի կոտորվել. անգլիացիները տասնյակ միլիոններ են կոտորվել, ֆրանսիացիները: Հիմա եղեռն, եղեռն, եղեռն, հայկական հողերը թողել եք՝ եղեռնի հետեւից եք ընկել»:



Վերջինիս ելույթի ժամանակ նրա ընկեր կոմունիստներից շատերը քթների տակ փնթփնթում էին,  դժգոհ գլուխները տարուբերում՝ «այ մարդ, էս մարդը ծերությունից խելքը գցել է»: Ոմանք չդիմացան եւ տեղից գոռացին. «Այ մարդ, էս ինչե՞ր էս խոսում, ո՞նց կարա եղեռնը մոռացվի»: Բարկացան, բայցեւայնպես ծափահարություններով նստեցրին ընկեր Հրանտին իր տեղը: Ելույթներ ունեցան այլ կոմունիստներ, նաեւ ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը:



Բոլորը ոգեւորված էին իրենց ընկերոջ գրքով, որտեղ գովաբանվում էին իրենց ժամանակները, ոմանք նույնիսկ մի պահ իրենց զգացին իշխանության ղեկին: «Ռուսաստանը մեր միակ փրկությունն է, եւ դրա համար էլ մեր ժողովուրդը շարունակում է ընդունել ռուսական կողմնորոշումը, իսկ նրանք ունեն հայկական կողմնորոշում: Եթե ռազմական բազան չլիներ Հայաստանում, ի՞նչ կանեինք մենք, դժվար է ասել, Ռուսաստանը մեզ պաշտպանում է»,- կարծես իրենց ժամանակների մասին էր պատմում մի կոմունիստ պապիկ:



Թերեւս իրականության զգացողությունը չկորցրած միակ կոմունիստը գրքի հեղինակն էր, որն իր գրքից առավել շատ կարեւորեց կոմունիստների՝ մեկ հարկի տակ միավորվելու հանգամանքը եւ հույս հայտնեց, որ առաջիկա ընտրություններին էլ միասնական հանդես կգան, որպեսզի կարողանան նվազագույն շեմը հաղթահարել եւ իրենց երազած երկրից որոշ պատառիկներ վերադարձնել: Ու քանի որ, ըստ լուրերի, միավորման փորձերը տապալվում են ամենաամբիցիոզ ՀԿԿ-ական Ռուբեն Թովմասյանի ջանքերով, քանի որ նա իրեն է համարում ՍՍՀՄ կոմունիստների իրավահաջորդը, հետեւաբար հենց նրան էլ հարցրինք՝ հնարավո՞ր  է միասնական հանդես գաք:



Նա պատասխանեց, որ իրենց 38-րդ համագումարում այդ հարցը բարձրացվել է եւ ստեղծվել է մի հանձնաժողով, որը կհարթեցնի կուսակցությունների միջեւ եղած տարաձայնությունները: Հույս հայտնեց նաեւ, որ «մինչեւ խորհրդարանական ընտրություններ միավորում կլինի»:



ՀԳ - Չնայած դժվար է պատկերացնել, թե այդ ճերմակահեր պապիկները, որ իրենց ծերությունը վայելելու տարիքում են, ինչ են անելու խորհրդարանում:



Անի Առաքելյան