Թազա խաբար` Քոչարյանը Սարգսյանի թիմից չէ

Թազա խաբար` Քոչարյանը Սարգսյանի թիմից չէ
Այո, այո, կարդացեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի` «Եդինայա Ռոսիյա» կուսակցության հետհամագումարյան շրջանի հարցազրույցներն ու կհամոզվեք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանի թիմից չէ:



Եկեք մի փոքր ավելի կոնկրետացնենք: Նրա խոսքերից պարզ է դառնում, որ հնարավոր չէ ռուսական սցենարի կրկնությունը Հայաստանում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը չունի այն ռեսուրսը, ինչ ունի Սերժ Սարգսյանը, ի դեմս ՀՀԿ-ի` ՀՀ քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող եւ բոլոր առումներով կայացած ուժի:



Սրան հակառակ` հարգարժան պատգամավորը ոչինչ չունի ասելու Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսի մասին. «Ես Քոչարյանի ռեսուրսների մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես չգիտեմ Քոչարյանն ինչ ռեսուրսների է տիրապետում, ինչ շփումներ ունի, ինչ պայմանավորվածություններ, ինչ մտադրություններ: Ես ՀՀԿ անդամ եմ, ՀՀԿ խորհրդի անդամ եմ եւ տիրապետում եմ մեր կուսակցության ռեսուրսներին, մեր ուժին, կարողություններին ու մարտունակությանը»:



Նրա այս խոսքերից հետո անմիջապես հիշողությանդ մեջ արթնանում է ՀԱԿ պայքարի ոչ վաղ անցյալի լեյտմոտիվը` ջրբաժանը: Այդ ե՞րբ ջրբաժան տեղի ունեցավ ՀՀԿ-ի ու Քոչարյանի միջեւ: Դեռեւս 2007-ին, իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ, երբ ԱԺ ընտրապայքարը հասել էր իր գագաթնակետին, Ռոբերտ Քոչարյանը մի հայտարարություն արեց, որը, կարելի է ասել, որոշիչ եղավ ընտրությունների ելքի համար: Շատերը հիմա դա մոռացել են եւ նույնիսկ իրենք իրենց հարց չեն տալիս, թե կունենա՞ր արդյոք ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում, եթե Քոչարյանը չհայտարարեր, որ իր քաղաքական հենարանը ՀՀԿ-ն է, եւ ինքն էլ պաշտպանում է ՀՀԿ համամասնական ցուցակը: Ի դեպ, բոլորովին վերջերս Ռոբերտ Քոչարյանը կրկին անդրադարձավ այդ ցուցակի կազմման հանգամանքներին եւ ասաց, որ այնտեղ շատերը տեղ են գտել իր «դոբրո»-ով:



Հանրապետականը, չգիտես ինչու, այդ օրերին առանձնապես աղմուկ չբարձրացրեց եւ Շարմազանովի շուրթերով միայն կեսբերան կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հանրապետականը համագործակցել են, իսկ համագործակցության դեպքում նման բաներ լինում են:



Մենք քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, թե ինչու է «Եդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարում Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման լուրն այդքան բուռն արձագանքների տեղիք տվել մեր մամուլում: Պատճառն անշուշտ Քոչարյանի` «Պուտինի հետ» մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն է, ինչից, ասես կրակից, զգուշանում է նախեւառաջ ՀԱԿ-ը:



Կրակի վրա յուղ էր լցրել նաեւ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը եդինոռոսների համագումարից մեկ-երկու օր առաջ բարձրաձայնել էր իր շեֆի ակտիվացման եւ վերադարձի հնարավորության մասին:



Պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցազրույցներից մեկ էլ պարզվում է, որ Քոչարյանի հնարավոր վերադարձի լուրերից ՀԱԿ-ից ոչ պակաս անհանգստացած է նաեւ ՀՀԿ-ն:



Խուճապն ակնհայտ է, եւ այստեղ երկու կարծիք լինել չի կարող: ՀԱԿ-ն իր հանրահավաքում մի փոքրիկ դրվագ էր բեմականացրել ՀՀԿ-ում տիրող իրավիճակի մասին` ՀՀԿ-ականները, տեսեք, տոպրակներով լքում են կուսակցությունը եւ անդամագրվում ՀԱԿ-ին: ՀՀԿ-ն լքողներն իսկապես քիչ չեն, եւ հարց է առաջանում՝ ո՞ւր են գնում նրանք:



Լսենք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանին. «ՀՀՇ վարչության նախագահը, ՀԱԿ վերջին հանրահավաքում տեսնելով իրենց հուսահատ համակիրների նոսր շարքերը, պարզ քաղաքական շանտաժ է կատարել: Ես ուղղակի կարող եմ հայտնել, որ ՀՀԿ-ից շատ ավելի անդամներ են դուրս եկել, քան նա գիտի»: Մի՞թե ՀՀԿ շարքերը լքողները Սերժ Սարգսյանի ռեսուրսը չեն, այն ռեսուրսը, որի մասին խոսում է Հովհաննես Սահակյանը:



Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել` վստահ է ԱԺ պատգամավորը: Սերժ Սարգսյանի թիմի կազմում, սակայն, նա արդեն 7 ամիս է՝ բացառում է արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը:



Ինչպե՞ս հասկանալ Սերժ Սարգսյանի ռեսուրսի ընդդիմացումը ՀԱԿ-ի այս պահանջին, եթե կարելի է արտահերթ ընտրություններով ընդհանրապես ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի հանգիստ չտվող «ուրվականից»: Իսկ գուցե Սերժ Սարգսյանի ունեցած ռեսուրսն առայժմ աշխատում է նոր ռեսուրսնե՞ր ներգրավել, օրինակ` ՀԱԿ-ին, որի հետ քաղաքական երկխոսությունը սեպտեմբերի 23-ի հանրահավաքից հետո վերսկսվելու միտումներ դրսեւորեց:



Ես հիմա գրեթե համոզված եմ, որ մինչեւ տարեվերջ ժամանակը ոչ թե ՀԱԿ-ն է տվել իշխանություններին, այլ իշխանություններն ու ՀԱԿ-ը միասին են տվել Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀԿ-ից դուրս մյուս ուժերին` առ ի գիտություն, որ կգնան արտահերթ ընտրությունների, եթե փորձ արվի Հայաստանում ռուսական սցենարներ խաղարկել: Նաեւ այսպիսի մի հարց ունենք պատգամավոր Հովհաննես Սահակյանին` ինչո՞ւ է նա անտեսում Սերժ Սարգսյանի ռեսուրսների մի հսկա հատվածը, որ կոչվում է ԲՀԿ:



Չէ՞ որ ԲՀԿ-ն 2013-ին պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը: Փետրվարյան կոալիցիոն պակտը ներքին կարգով դադարե՞լ է գործել: Թե՞ քաղաքականության մեջ իրոք ոչինչ չի կարելի բացառել…



Առնվազն տարօրինակ է ռեսուրսի մեջ ԲՀԿ-ի չհիշատակումը, երբ ՀՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանի ռեսուրս է համարում 7-8 միլիոնանոց Սփյուռքը, որ վիրավոր գազանի պես է իրեն պահում հայ-թուրքական արձանագրությունների պատմությունից ի վեր: Չնայած դրան` Հայոց պատմության դասագրքում կգրվի Հովհաննես Սահակյանի հետեւյալ միտքը.



«Սերժ Սարգսյանը կայացրեց նաեւ հայության գաղափարը, մենք ոչ թե մեկ կամ երկու միլիոն ենք, այլ 10 միլիոն՝ նկատի ունենալով համայն հայության Սփյուռքը»:



Տեսնես ՀՀԿ-ական պատգամավորը ե՞րբ է սա հղացել: Այդ ե՞րբ Սերժ Սարգսյանին հաջողվեց կայացնել հայության գաղափարը` վերջերս տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովում եւ իր դեռ շարունակվող շրջագայության ընթացքո՞ւմ:



Չլինի՞ Սահակյան Հովհաննեսը նկատի ունի իր գործընկեր եւ Սերժ Սարգսյանի հավատարիմ ռեսուրս Շարմազանովի հայ-թուրքական այն հայտարարությունները, որ սփյուռքահայերի ու հայաստանցիների խնդիրները տարբեր են, որ Արեւմտահայաստանը մեր հոգու հայրենիքն է եւ միայն այդքանը…



Իմ առաջին խմբագիր ընկեր Մաղալյանը կասեր` կլորանանք: Օրը կգա` բարին հետը: Մեզ ոչ Պուտինն ու Մեդվեդեւը պետք է հետաքրքրեն, ոչ էլ Մուբարաքն ու Քադաֆին: Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք 2012-ին եւ 2013-ին մարդավայել ընտրություններ անցկացնելու:



Ի վերջո այն, ինչ հայ քաղաքական գործիչների մեկնաբանություններով իրար ձեռքից են խլում մեր առաջին դեմքերը, կոչվում է Հայաստան: Իսկ դա ոչխարի մորթի չէ, որ կարելի է նետել ձիավոր մարզիկների միջեւ ու տեսնել, թե նրանցից ով առաջինը կփախցնի այն ու կհասցնի ֆինիշ:



Էդիկ Անդրեասյան