Շուրջօրյա հանրահավաքները ցնծությամբ ընդունեցին

Շուրջօրյա հանրահավաքները ցնծությամբ ընդունեցին
2008 թվականի արյունոտ մարտի 1-ից հետո մեկնարկած բոլոր հանրահավաքներին ժողովուրդը մասնակցում էր այն ակնկալիքով, որ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը կհայտարարի շուրջօրյա միտինգները վերսկսելու մասին: Այս սպասումը չորս տարի շարունակ Մատենադարանի մոտ եւ Ազատության հրապարակում էր հավաքում քրեաօլիգարխիկ իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած հազարավոր քաղաքացիների, սակայն սպասվող վճռական քայլերը հետաձգվում էին:



Վերջին շրջանում նկատելիորեն նվազել էր նաեւ հանրահավաքի մասնակիցների քանակը: Ժողովրդի հիասթափությունը կապում էին վճռական քայլերի բացակայության հետ: Վերջապես երեկ` հուրախություն  հանրահավաքի մասնակիցների, Հայ ազգային կոնգրեսը, շատերի համար անակնկալ, հայտարարեց բեկումնային որոշման մասին` այսօրվանից մեկնարկելու են շուրջօրյա հանրահավաքները, առայժմ մեկ շաբաթ տեւողությամբ:



Այս մասին  ավետեցին համպատասխան արարողակարգից հետո: Տեղում խորհրդակցություն հրավիրեցին ու ժողովրդի մասնակցությամբ վճիռ կայացրին: Ավազակապետության ազգակործան գործունեությունը վերլուծելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Այսօրվանից  եւեթ մենք հարկադրված ենք ավելացնելու մեր ճնշումները եւ առավել հաճախակի մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածին այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարել մեր պահանջները»:



Ապա թվարկեց «այլ միջոցառումներ» հասկացության մեջ մտնող բոլոր տարբերակները, որոնց թվում էին շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցերը: Չնայած անձրեւին ու ցրտին, բոլորը միանգամից պայծառացան, երբ լսեցին նստացույցի եւ շուրջօրյա հանրահավաքների մասին: Ելույթն ընդհատվեց «նըս-տա-ցույց, նըս-տա-ցույց» վանկարկումներով, ինչից հետո առաջին նախագահը հենց տեղում` հարթակում, խորհրդակցություն հրավիրեց` վերջնական վճիռ կայացնելու: 5 րոպե տեւած պատմական խորհրդակցությունն ընդմիջվեց երաժշտությամբ:



Բոլորն սկսեցին ոգեւորված ու լիաթոք վանկարկել՝ նըս-տա-ցույց, ոմանք պարով արտահայտեցին  ուրախությունը, շատերն էլ, իրար խառնված, զանգահարում էին ծանոթ ու անծանոթ թիմակիցներին` հայտնելու հեղաշրջման մասին: Կարճ ասած, Ազատության հրապարակը թնդում էր ցնծությունից: Մի քանի կանայք էլ, հայացքները հառած առ Աստված, շնորհակալություն հայտնեցին, որ իրենց ձայնը լսվեց վերեւում, ուրիշներն աչքալուսանք տվեցին իրար` եզրակացնելով, որ «իրենց ոտքն էր խերով»:



«Վեր կացեք տեսեք՝ էդ ում քայլերն են, դուրս նայեք տեսեք՝ էդ ում ձայներն են»,- հնչեց ռոք կատարումը` միանգամից ջերմացնելով անձրեւից թրջված ու մրսած միտինգավորներին: Ապա Տեր-Պետրոսյանը ներկայացրեց միջոցառումների տեխնիկական ու  բովանդակային կողմերի մասին իր պատկերացումները:



Պահանջները նույնն էին` մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ այլն, սոցիալ-տնտեսական հարցեր: Նորություն էր նախագահի աշխատակազմի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցող ներկայացուցչի նշանակումը, նա ՀԱԿ անդամ Մանուշակ Պետրոսյանն է:



Թերեւս ժողովրդին ավելորդ կասկածներից զերծ պահելու նպատակով Տեր-Պետրոսյանն ասաց, որ նման ներկայացուցիչ ունենալն ընդունված պրակտիկա է, եւ պատմեց, որ 88 թվականի հանրահավաքների ժամանակ էլ ունեին նման ներկայացուցիչներ, որոնք մշտապես հանդիպում էին Հայաստանի  կենտկոմի քարտուղարի, պոլիտբյուրոյի անդամների հետ:



Հիմնադիր նախագահի  ելույթից հետո Նիկոլ Փաշինյանի ցուցումներով, ապա երաժշտության ներքո բացվեցին վրանները: Մինչ Փաշինյանն այս ընթացքում իրազեկում էր քաղաքացիներին հավաքներ ու զանգվածային միջոցառումներ անցկացնելու մասին օրենքի դրույթները, հայրենի ոստիկանները, մուգ շինելները հագներին, խուճապահար վազեցին ու շղթայեցին Ազատության հրապարակի մուտքը Հյուսիսային պողոտայի կողմից:



Հրապարակի «դարպասները» հսկող այս ոստիկաններին դժվար թե ձանձրույթն այցելի, քանի որ գիշերը թեժ է լինելու, ավանդույթի համաձայն՝ այն լուսացնելու են երգ ու պարով: