Ոստիկանությունը տեղեկացնում է` ընթացող հավաքն անօրինական է

Ոստիկանությունը տեղեկացնում է` ընթացող հավաքն անօրինական է
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքների հետ կապված, որում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ժամը 19.00-ից անց է կացվել «Հայոց համազգային շարժում» կուսակցության հանրահավաքը, որն, ըստ ի գիտութուն ընդունված իրազեկման, պետք է ավարտվեր ժամը 23.00-ին:



Սակայն սահմանված ժամին հանրահավաքի կազմակերպիչները չեն ավարտել հանրահավաքը: Հավաքի անցկացման ընթացքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու`  հանրահավաքի մասնակիցների ցանկությանը եւ այդ պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկ, եւ միաժամանակ Կոնգրեսի անունից առաջարկել է շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ:



Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընթացող հավաքն անօրինական է եւ դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը:



Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը եւ դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը եւ այլոց սահմանադրական իրավունքները:



Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի  խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված  վրանները:



Հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում  ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչեւ հավաքի ցրումը»: