Հաղթանակն ու նախագահը

Հաղթանակն ու նախագահը
«Եթե ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է: Ես Ղարաբաղի հարցում որեւէ պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես գիշեր-ցերեկ կուրծք ծեծողը չեմ սրանց նման, որ Ղարաբաղն իրենք են ազատագրել: Թող ասեն, որ ես տեղյակ չեմ եղել Շուշիի գրավումից: Թող ասեն: Կարեւորը, որ ազատագրված է»,- երեկ Ազատության հրապարակում տված ասուլիսում ասել է Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինքը, լինելով նախագահ, տեղյակ չի եղել Շուշիի գրավման մասին եւ չի ցանկացել դա: «Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Թող հաղթանակ լինի, ով ուզում է տեր կանգնի»,- եզրափակել է ՀԱԿ առաջնորդը: Տարիներ շարունակ տարբեր անձանց կողմից շահարկվել է այս հարցը՝ Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր, չէր ուզում, որ պատերազմ լինի եւ դեմ էր ինչպես Ղարաբաղի անկախությանը, այնպես էլ Շուշիի ազատագրմանը: Անշուշտ, 90-ականների խառը ժամանակներում պարտականությունների ու պատասխանատվության շփոթ կար, նաեւ՝ իշխանության եկած անձինք էին անփորձ, ու իրավիճակն էր աննախադեպ: Շարժման տղաները, որոնք անսպասելի մեծ ու անվերահսկելի իշխանություն էին ստացել, մի ամբողջ երկիր կառավարելու ու մարդկանց ճակատագրեր տնօրինելու իրավունք, հաճախ չգիտեին ինչ անել ու ինչպես: Երբեմն իրար էին խանգարում ու միմյանց իրավասությունների մեջ մտնում: Բայց դա չի նշանակում, թե կարելի է նսեմացնել այդ օրերի նախագահի դերն ու նշանակությունը եւ նրան վերագրել «խաղից դուրս վիճակ»: Անգամ եթե նման վիճակ եղել է, ապա նրա օրոք կատարված ամեն ինչի համար, այդ թվում՝ կորուստների ու զրկանքների համար, հենց ինքն է կրում բարոյական պատասխանատվությունը: Այնպես, ինչպես հոկտեմբերի 27-ի համար՝ Ռոբերտ Քոչարյանը եւ այսօրվա համար՝ Սերժ Սարգսյանը: