Ամանդա Նոքսին արդարացրել են

Ամանդա Նոքսին արդարացրել են
Իտալիական Պերուջա քաղաքի Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 3-ին արդարացրել է ուսանողուհի Մերեդիթ Քերչերի սպանության մեջ մեղադրվող ամերիկուհի Ամանդա Նոքսին եւ վերջինիս սիրեկանին՝ Ռաֆաել Սոլեչիտոյին:



21-ամյա անգլուհի Մերեդիթ Քերչերը սպանվել էր Պերուջայում 2007թ.-ին: Նրա մերկ մարմինը գտել էին բնակարանում, որտեղ ապրում էր Ամանդայի հետ: Աղջկա կոկորդը կտրված է եղել, մարմնի վրա հայտնաբերվել են դանակահարության հետքեր: Մահվանից առաջ աղջիկը մի քանի անգամ բռնաբարության է ենթարկվել: Հետաքննության տվյալներով՝ աղջիկը սպանվել է սեքսուալ օրգիայի ժամանակ:



Հանցագործության մեջ մեղադրվում էին երեքը՝ Նոքսը, Սոլեչիտոն եւ Կոտ դԻվուարի քաղաքացի Ռուդի Գվիդոն: Երեքին էլ դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման, սակայն մեղադրյալներից ոչ մեկն իր մեղքը չի ընդունել: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը հաստատել է Գվիդոյի պատժամիջոցը, իսկ Նոքսի եւ Սոլեչիտոյի դեմ եղած ապացույցներն անբավարար են ճանաչվել:



Փորձագետները ենթադրում են, որ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված այս գործի հերոսուհին միլիոններ կարող է վաստակել՝ հարցազրույցներ տալով հետաքրքրված եւ վճարելու պատրաստ լրատվամիջոցներին: Լրագրողները Ամանդային «քնքուշ մարդասպան» էին անվանում՝ ընդգծելով նրա գեղեցկությունը, խելքը, սեքսուալությունն ու սառնասրտությունը: