Երկուսն ընդդեմ մեկի՞

Երկուսն ընդդեմ մեկի՞
«Ինձ համար ամեն ինչ պարզ է` Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի ամբողջ մեղավորությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, ինչն էլ նրանց համար հնարավորություն կստեղծի միասին գործելու, եւ իշխանությունը կկարողանան միասին ձեւավորել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ ներողամտորեն կվերաբերվի Սերժ Սարգսյանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքներին եւ դրանց համընկնմանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին, կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:



Ըստ նրա, սակայն, Սերժ Սարգսյանը երբեք այդ քայլին չի գնա, քանի որ, թեեւ Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ այսօր կան որոշակի հակասություններ, բայց դա դեռ չի նշանակում, որ Մարտի 1-ով Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կարող է համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ ու ամբողջ մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա: Ռուբեն Հակոբյանն այն կարծիքին է, որ արտահերթ ընտրություններով միայն կբավարարվեն ՀԱԿ-ի քաղաքական ամբիցիաները, իսկ ժողովուրդը դրանից ոչինչ չի շահի:



«Լեւոն Տեր-Պետրոսյանն այս տարիների ընթացքում ամեն ինչ արեց, որ թշնամանա ընդդիմադիր մնացած քաղաքական ուժերի հետ»,- նկատեց «Ժառանգության» փոխնախագահը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ իր հերթին նշեց, որ «մինչ օրս չի տեսնում այն նպատակը, հանուն որի փորձ է արվում համախմբվել եւ պայքարել»:



«Եթե նպատակն իշխանություն փոխելն է, ապա դրա համար կան ընտրություններ: Ինձ համար կարեւոր է, թե քաղաքական ուժը միավորվելու ինչ առաջարկով է հանդես գալիս: Ինձ համար հասկանալի չէ՝ նրանք պայքարում են իշխանությունը վերցնելո՞ւ, թե՞ այն իր իրական տիրոջը վերադարձնելու համար»,- ասաց Հայրիկյանը: