Ինչի համար է դատվել Արտուշը

Ինչի համար է դատվել Արտուշը
Oրերս վնասազերծված բանդայի պարագլուխ, «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականտիրոջ որդին՝ Արտուշ Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախկինում վեց անգամ դատապարտված է եղել, որոշ տեղեկությունների համաձայն, առաջին անգամ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դեռ խորհրդային տարիներին, 1987-ին՝ պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար։ 1990թ. կալանավայրից դիմել է փախուստի:



Հայտնաբերվելուց հետո, ձերբակալման ժամանակ կրակել է միլիցիայի աշխատակիցների ուղղությամբ, վիրավորվել պատասխան կրակոցից: Դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ 1992թ. սեպտեմբերին դարձյալ դիմել է փախուստի եւ 1996թ. կրկին կալանավորվել.  գործն ուղարկվել է դատարան։ Դատարանի որոշմամբ Արտուշ Հակոբյանը 1997թ. ընդունվել է հարկադրական բուժման` ուժեղացված հսկողության հոգեբուժական բաժանմունք։ 1998թ. այդ բաժանմունքից տեղափոխվել է սովորական հսկողության բաժանմունք, որտեղից նույնպես դիմել է փախուստի:



Ապա մի քանի անձանց հետ առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու դիտավորությամբ Պուշկինի փողոցից հրազենի գործադրմամբ առեւանգել է ՀՀ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանին: Սպանության սպառնալիքներով ու բռնությամբ վերջինից պահանջել 100 հազար ԱՄՆ դոլար։ Այս հանցանքի համար էլ կալանավորվել է: Ապա Արտուշ Հակոբյանը 2001թ. օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը հոգեբուժական հիվանդանոցից դիմել է փախուստի։