Հաքերները միանում են Ուոլ-սթրիթի ցուցարարներին

Հաքերները միանում են Ուոլ-սթրիթի ցուցարարներին
«Գրավիր Ուոլ-սթրիթը» ակցիային միացել են հաքերները: Anonymous խմբի անդամները սպառնացել են արգելափակել Նյու Յորքի ֆոնդային բորսայի աշխատանքը՝ կոտրելով բորսայի էջը: Խմբի հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին ֆինանսական հաստատությունը «կջնջվի ինտերնետից»:



Ուոլ-սթրիթի ցուցարարները արդեն մի քանի շաբաթ է փակել են Նյու Յորքի գլխավոր ֆինանսական փողոցի երթեւեկությունը: Մարդիկ իրենց բողոքն են արտահայտում ամերիկյան եւ միջազգային խոշոր կազմակերպությունների կողմից չարաշահումների, սոցիալական անհավասարության, գործազրկության բարձր մակարդակի եւ կորպորացիաների քաղաքականացման դեմ:



Ընդհանուր առմամբ ակցիան խաղաղ է ընթանում: Սակայն մի քանի օր առաջ ցուցարարները փակել էին Բրուկլինի կամուրջը, ինչի հետեւանքով ոստիկանությունը 700-ից ավելի մարդ ձերբակալեց: Ցույցերն արդեն դուրս են եկել ԱՄՆ ֆինանսական մայրաքաղաքի սահմաններից՝ տարածվելով Չիկագոյում, Բոստոնում, Լոս-Անջելեսում, Սենթ-Լուիսում: