Ուրիշ գործեր ունի

Ուրիշ գործեր ունի
Ինչպես տեղեկացրել էինք, մի քանի օր առաջ ուսուցչական կոլեկտիվի, ծնողների ու աշակերտների մասնակցությամբ ցույց է եղել Հրազդանի թիվ 4 դպրոցում՝ ի պաշտպանություն ներկա տնօրենի, որին Կոտայքի մարզպետարանում ցանկանում են փոխել: Ընդ որում, ցուցարարները փակել էին փողոցը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրինք, թե տեղյա՞կ է այդ խնդրին, եւ նախարարությունն ի՞նչ է արել դրա լուծման համար:



«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք մարզպետարան, որը որ կառավարման լիազոր մարմինն է այդ դպրոցի»,- հայտարարեց նախարարը: Մեր դիտարկմանը, թե խաթարվել է դպրոցական պրոցեսը, չե՞ք փորձել տեսնել ինչ է եղել, Աշոտյանն անտարբեր հավելեց. «Տեղյակ եմ մամուլից: Մարզպետարանը դեռ մեզ չի դիմել առաջարկով կամ օգնության ակնկալիքով: Եթե օրենսդրությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ դա մարզպետային ենթակայության տակ է»:



Փաստորեն, ԿԳՆ-ն դպրոցների տնօրեններին լիովին հանձնել է մարզպետների տրամադրությանը: Ի դեպ, տնօրենի ընտրված թեկնածուն հրաժարվել է պաշտոնից, եւ դպրոցի կառավարման խորհուրդը նոր մրցույթ է կազմակերպելու: