Սերժ, բաց արա զուգարանները

Սերժ, բաց արա զուգարանները
Ազատության հրապարակում երեկ անսովոր եռուզեռ էր, ՀՀ քաղաքացիների մեծ հոսք կար դեպի հրապարակ, սակայն, Օպերայի մուտքին հասնելով, բաժանվում էին երկու մասի: Մի մասը զուգված-զարդարված, անհոգ, տոմսերը ձեռքներին սեթեւեթելով՝ Օպերայի գլխավոր մուտքի բաց դռնից ներս էին մտնում՝ վայելելու դասական երաժշտություն: Մյուսները՝ անկաշկանդ ու տաք հագնված, շտապում էին բաց մուտքից մի քիչ աջ՝ դեպի ընդդիմության հարթակը, որտեղ հավաքված քաղաքացիները, համերգ ու թատրոն մոռացած, եկել էին իշխանափոխություն անելու: Արագ քայլերով մուտքին մոտեցավ նաեւ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, որը 2008 թվականին այս հրապարակ էր շտապում նույն ընդդիմության հանրահավաքում ելույթ ունենալու, բայց երեկ նա երաժշտության ունկնդիրների մեջ էր:



Հրապարակում սովորականի պես խաղաղ էր, մասնակիցների քանակն ու տրամադրությունները չէին փոխվել: Սակայն ՀԱԿ ղեկավարության ելույթներն էին մի փոքր այլ, կառուցված էին հիմնականում ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի «գարշոկի» հումորի շուրջ: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակի սրճարանները շուրջօրյա հանրահավաքի մեկնարկից հետո փակվել են՝ միտինգի մասնակիցներին զուգարաններից զրկելու նպատակով: Ընդդիմության ելույթներն ամենից ուշադիր ունկնդրում էր հայտնի Բազազը՝ Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը: Համազգեստավորներն առանձնապես շատ չէին հրապարակում, մի քանի հոգի Բազազի շուրջն էին խմբվել, մի քանիսն էլ դիրքավորվել էին Բուզանդի փողոցում՝ Վերնիսաժի մոտ:



Ովքեր են առանցքային պաշտոններ զբաղեցնելու իշխանափոխությունից հետո



Ինչպես միշտ, Կոնգրեսի երկրորդական դեմքերը ժողովրդին մեկ ժամ զբաղեցրին, մինչեւ առաջին դեմքի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նա անդրադարձավ երկու հարցի՝ իշխանության գալուց հետո ՀԱԿ-ի կադրային քաղաքականությանն ու իշխանությունների վերջին խայտառակությանը՝ զուգարաններ փակելուն:  Կադրային քաղաքականության մասով ասաց, որ Կոնգրեսը գործարքի վրա հիմնված չի եղել, եւ Կոնգրեսի կազմում գտնվող որեւէ կուսակցություն պաշտոն զբաղեցնելու հարց չի բարձրացրել, բացառությամբ երկուսի, որոնցից մեկն այդպես էլ չմիացավ նախընտրական դաշինքին, իսկ մյուսը մասամբ միացավ, բայց ընտրություններից հետո չհամաձայնեց միանալ Կոնգրեսին: Նա զերծ մնաց անուններ նշելուց: Միայն հիշեց ՕԵԿ-ին, որը գործարքի գնաց մարտի 1-ի նախորդ օրը: «Եթե մենք գանք իշխանության էլ, այդպիսի գործարք երբեք չենք կնքելու, մոռացեք»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու շարունակեց կադրային քաղաքականության թեման՝ արդեն որպես դասախոսություն, ինչը մեկ մարդու պես համակ ուշադրությամբ ունկնդրեց լսարանը:



«Ուրեմն, գալիս ենք իշխանության, էդ հաստատ է լինելու, չկասկածեք, եւ, ուրեմն, իշխանության գալուց հետո մենք պետք է ձգտենք ստեղծել մերիտոկրատիկ պետություն: Դա կարելի է թարգմանել արժանավորների պետություն, այսինքն՝ գլխավոր սկզբունքը լինելու է կադրերի արժանիքը՝ ով ինչ պաշտոնի արժանի է, դրանից ավելին չի զբաղեցնելու: Սա լուրջ պետական համակարգ է, եւ ամբողջ պատմության ընթացքում շատ քիչ պետությունների է դա հաջողվել»: Այդպիսի պետություն, ըստ նրա, եղել է Չինաստանը:



«Մեր նպատակն է հասնել այն բանին, որպեսզի յուրաքանչյուր մարդ իրեն արժանի տեղը զբաղեցնի այս պետական կառուցվածքում… Միեւնույն է՝ ինչ իշխանություն էլ ընտրեք, մեկ է, գալու է մի պահ, որ մենք չենք բավարարելու ձեր պահանջները, բայց եթե մենք կարողանանք, եւ ձգտելու ենք, անպայման հաջողվելու է, անցկացնել արդար ընտրություններ, դուք երբ որ մեզնից դժգոհ եք, հնարավորություն եք ունենալու մեզնից շատ հեշտությամբ ազատվելու: Ահա ես այսպիսի երկիր եմ երազում»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը եւ արժանացավ բուռն բացականչությունների: Աշխարհի մակարդակով կադրային քաղաքականության ու իր երազած Հայաստանի մասին ելույթն ավարտեց Հայաստանի ներքաղաքական կյանքի գլխավոր խնդրով՝ զուգարանները փակելու որոշմամբ:



«…Ես համոզված եմ, որ Երեւան մտնող ճանապարհների բլոկադան իրականացվում է Սերժ Սարգսյանի հրամանով, որ Ազատության հրապարակի սրճարանները փակված են Սերժ Սարգսյանի հրամանով, որ սրճարանների ծածկերը փակվեցին Սերժ Սարգսյանի հրամանով, բայց կուզեք ինձ գնդակահարեք, ես չեմ հավատա, որ զուգարանները նույնպես փակվել են Սերժ Սարգսյանի հրամանով: Քանի որ իշխանության ոչ մի օղակ այս հարցը չի կարողանում լուծի, ես հիմա՝ որպես Սերժ Սարգսյանի հին ընկեր, որի հետ տասը տարվա ճանապարհ եմ անցել, սկսած 88 թվականից մինչեւ 95 թվականը, եւ այն 10 տարվա ընթացքում էլ եւ նրանից հետո էլ երբեք նրան անձնական խնդրանքով չեմ դիմել, հիմա դիմում եմ՝ Սերժ, խնդրում եմ բաց զուգարանները: Սերժ, ապացուցիր հայ ժողովրդին, որ գոնե մեկ հարց կարող ես լուծել»: Սերժին ուղղված  Տեր-Պետրոսյանի հորդորն արժանացավ բուռն ծափահարության: