Աշխատավարձս՝ Արման Մկրտումյանին

Աշխատավարձս՝ Արման Մկրտումյանին
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության  անդամ Սպարտակ Մելիքյանը հայտարարել է, թե գրավոր դիմել է ԱԺ նախագահին, որ այսուհետ իր ողջ աշխատավարձն ուղղվի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` «որպեսզի ինչ-որ չափով բավարարվի նրա ախարժակը, եւ իրապես բարեփոխում լինի համակարգում»: Պատգամավորը նաեւ հավելել է, որ դատական համակարգն այսօր դարձել է ամենաշահավետ բիզնեսը։



«Այսօր դատական համակարգի բոլոր կոռուպցիոն լծակները կենտրոնացել են վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եւ քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ձեռքում։ Նրանց անձնական շահադիտությամբ եւ կոնկրետ հրահանգով է կայացվում դատական վճիռների մեծ մասը։ Այդպիսով դատավորների մեծ մասը զրկված է որեւէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու  իրավունքից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից»,- ասել է նա` հավելելով, որ մանր հանցագործություն կատարած կամ կենցաղային հողի վրա վիճաբանության մեջ մտած քաղաքացիներն ազատազրկվում են, իսկ բազմաթիվ թալանչիներ եւ մարդասպաններ, այդ թվում խաղաղ պայմաններում զինվորներին սպանողները, վայելում իրենց ազատությունը։



«Այս ամենին անտարբեր, կոռումպացված մեր պաշտոնյաները նաեւ կոռուպցիոն մեխանիզմները դատական  համակարգում շարունակում են աշխատել ժամացույցի պես. փոխվել են միայն միջնորդները, եւ աճել են կաշառքի չափերը, այսպես մեծացնելով մեր պետությանն ու Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը։ ...Ժամանակն է, որ մեր երկրում իրերն իրենց իրական անուններով կոչվեն եւ ետ պահենք մեր երկիրը կործանարար անդունդի  եզրից, ու վերականգնվի քաղաքացու վստահությունը մեր երկրի հանդեպ»,- ասել է Մելիքյանը։