Խաբված պարտատերերը եւ գեներալի կինը

Խաբված պարտատերերը եւ գեներալի կինը
Երեկ, ժամը 12:00-ին Արամի 84 հասցեում «Հերմեկ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շենքի խաբված պարտատերերը բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի առաջ, որի ժամանակ հանձնեցին նամակ: «Մեզ ընդունեցին նախագահի վերահսկողության բաժնից, լսեցին մեր պահանջները, գրանցեցին նամակը՝ ստորագրված բոլոր պահանջատերերի կողմից, եւ խոստացան, որ 3-4 օրից կստանանք գրավոր պատասխանը: Բողոքի ակցիայի նպատակն է դատական ատյաններին զգաստացնել, որպեսզի ճիշտ եւ օրինական վճիռ կայացնեն»,- տեղեկացրեց նամակատարների խմբից Արամ Պողոսյանը:



«Հերմեկ» ՍՊԸ-ն 2008թ. դեկտեմբերին պետք է բնակարաններ հատկացներ տերերին: Սակայն շենքի սեփականատեր Տիգրան Մուշեղյանը կադաստրի վկայականը ստանալուց հետո, բնակարանները տերերին հատկացնելու փոխարեն, 2008թ. հոկտեմբերին շենքի ոչ բնակելի տարածք համարվող առաջին երկու հարկերը սիմվոլիկ գումարով վաճառել է գեներալ Ալիկ Աբրահամյանի տիկնոջը, այնուհետ մյուս 11 հարկերը գրավ դրել ՎՏԲ բանկում եւ ստացել գումար: 2010թ. մարտի 3-ին դատարանը «Հերմեկ» ՍՊԸ տնօրեն Մուշեղյանին սնանկ է ճանաչել եւ սնանկության գծով կառավարիչ  նշանակել Հրանտ Ղամբարյանին: Վերջինս փորձել է առողջացման ծրագիր իրականացնել եւ կորցրած առաջին երկու հարկերը ետ բերել ու ստացված շահույթով ավարտին հասցնել շենքը:



Ղամբարյանը առքուվաճառքն անվավեր ճանաչելու հայցով դիմել է դատարան, քանի որ նախկին կառավարչի եւ գեներալի կնոջ միջեւ ապօրինի գործարք էր կնքվել: Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, սակայն վերաքննիչ դատարանը, ի դեմս Տիգրան Սահակյանի, վճիռ է կայացրել հօգուտ գեներալի կնոջ՝ այդ երկու հարկերի շատ ցածր գնով առքուվաճառքը համարելով օրինական: Պարտատերերը դիմել են վճռաբեկ դատարան եւ սպասում են վերջնական վճռին, քանի որ այդ վճռից է կախված՝ 90-ից ավելի ընտանիքներ կորցնելո՞ւ են իրենց գումարները, թե՞ հնարավորություն կունենան մի օր բաղձալի բնակարանամուտ տոնել:



«Կառուցվող շենքի տեղում քանդել են մեր բնակարանները, եւ 10 ընտանիք արդեն 8 տարի վարձով է ապրում: Առաջին պայմանագրերը կնքել են մեզ հետ դեռ 2004-ին, իբր 24 ամսից բնակարանամուտ ենք տոնելու, իսկ ուշացնելու դեպքում մեզ պետք է վճարեին տոկոսներ: Մինչ օրս ոչ տոկոսն ենք տեսել, ոչ էլ բնակարանը, ոչ էլ հույս կա ստանալու»,- ասում է Շավարշյան եղբայրների լիազորված անձ Հասմիկ Շավարշյանը:



«Եթե վճռաբեկ դատարանն էլ հօգուտ գեներալի կնոջ վճիռ կայացրեց, մեր շենքը բլոկի մեջ է ընկնում: «Հերմեկի» պարտքերը 2,5 մլն դոլար են կազմում, հույս ունենք, որ այդ երկու հարկերը շուկայական վաճառքի հանելով՝ ետ կբերենք 2 մլն դոլար, կվճարենք բանկերի տոկոսները, եւ շենքը կալանքից դուրս կգա, որից հետո առողջացման ծրագիր կիրականացնենք մեր ներդրումների հաշվին, որպեսզի չմնանք դրսում»,- ասում է Լիլյա Մկրտչյանը:



Ֆելիքս Եղիազարյան