Ընտանիքս ֆինանսապես եւ բարոյապես տուժել է

Ընտանիքս ֆինանսապես եւ բարոյապես տուժել է
Մեծարգո նախագահ, չեմ կարող անտարբեր մնալ մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին եւ չարձագանքել, քանզի ընտանիքս ֆինանսապես եւ բարոյապես տուժել է ՀՀ ՃՈ նախկին պետ Իշխան Իշխանյանի անբարո կեցվածքից եւ կամայականություններից, որի հետեւանքով զրկվել ենք մեր սեփականությունից: Խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում գտնվող գազալցակայանին, որի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Իշխանյանի կնոջը, իսկ մնացյալ 50 տոկոսը՝ մեզ: Նշեմ, որ ի սկզբանե բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանել է ամուսնուս՝ Արմեն Հայրապետյանին: Խոստանալով կապիտալ ներդրումներ կատարել, Իշխանյանը 25 հազար դրամով տիրանում է ամուսնուս 50 տոկոս բաժնեմասին եւ ժամանակի ընթացքում պլաններ մշակում մյուս 50 տոկոսը խլելու նպատակով:



Վերոնշյալ գազալցակայանը կառուցել է ամուսինս՝ նախկին ազատամարտիկ, այնուհետեւ ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի փոխնախագահ, որն Արցախյան ճակատամարտում կռվել է սկզբից մինչեւ վերջ, արժանացել բազմաթիվ մեդալների: ԵԿՄ տղաները զարմանում են Իշխանյանի մարտական մեդալների վրա, որն անգամ կռվի դաշտի տեղը չի իմացել: Ընդամենը մեկ անգամ ամուսնուս հետ մարտական գործողությունների վերջում հայտնվել է կռվի դաշտում, հետո վախից անամոթաբար հայտարարել. «Ստեղ նորից եկողի մերը...»,- հիշում եւ ծիծաղում են ԵԿՄ տղաները:



Երկու տարի գազալցակայանն Իշխանյանի գործուն քայլերով մատնվեց անգործության, իսկ պատկան մարմիններն էլ առանց պատճառաբանության խոչընդոտեցին գազալցակայանի վերագործարկմանը: Նշեմ նաեւ, որ պայթյունից մի քանի ամիս առաջ կատարվել է գազալցակայանի  տեխանվտանգության փորձաքննություն: Որոշ ժամանակ անց ես եւ ամուսինս հայտնվեցինք դատարանում: Իշխանյանի տիկինը դատարան ներկայացված հայցով պահանջում էր մեր բաժնեմասը: Հարկ եմ համարում նշել, որ 2008 թվականին ինձ պատկանող 50 տոկոս բաժնեմասն օտարել եմ ամուսնուս մորը, տեղեկացնելով Իշխանյանի տիկնոջը՝ գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանի միջոցով (Իշխանյանի մորաքրոջ տղան), եւ նոր բաժնետերը գրանցվել է պետռեգիստրում: Գործարքից 2.5 տարի հետո Իշխանյանի տիկինն իր փաստաբանի բերանով անամոթաբար ստում էր, թե տեղյակ չի եղել այդ գործարքից, իսկ գործադիր տնօրենը ձեւացնում էր, թե տառապում է հիշողության կորստով: Դատարանը՝ դատարանի նախագահ Ս.Գրիգորյանի նախագահությամբ, ստորագրված փաստաթուղթը հիմք չընդունեց, իսկ գործադիր տնօրենի բանավոր բարբաջանքը՝ հիշողության կորստի վերաբերյալ, որպես հիմք ընդունելով, անթերի կատարեց Իշխանյանների ընտանիքի երկրորդ փաստաբանի դերը, դատական ակտով վճռեց մեզ զրկել մեր վաստակից, պատճառաբանելով, թե Իշխանյանը շուրջ 2.5 տարի տեղյակ չի եղել կատարված գործարքից:



Հարգարժան նախագահ, գազալցակայանի 50 տոկոս բաժնեմասի օտարման գործարքը կատարել է գործադիր տնօրենը, եւ եթե այն սխալ է, ապա, ըստ օրենքի, գործարքը պետք է համարել անվավեր, այլ ոչ թե իմ ընտանիքը դատարանի վճռով զրկվեր իր սեփականությունից: Զարմանալին այն է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարանի ակնհայտ ապօրինի վճիռը վերահաստատվեց վերադաս դատական ատյանների կողմից: Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Իշխանյանն իսկույն վերագործարկեց գազալցակայանը: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես եղավ, որ դատարանի վճռից հետո անվտանգության պայմաններն ապահովվեցին:



Իշխանյանը, օգտագործելով իր ազդեցության շրջանակները, մեր ողջ ընտանիքին քարշ տվեց ոստիկանություն: Իրեն հոգեհարազատ շրջապատի միջոցով կեղտոտ հերյուրանքներ տարածեց մեր ընտանիքի մասին, ծեծկռտուք կազմակերպեց, այդ ամենը կապեց գեներալ Հովիկ Թամամյանի հետ, որին չենք էլ ճանաչում:



Մեր ընտանիքն Իշխանյանների ընտանիքի կանխամտածված խարդախության զոհն է: Հարգարժան նախագահ, այսքան թոհուբոհից հետո ես առաջին անգամ 2010թ. նամակով դիմեցի Ձեզ, սակայն ոստիկանության շտաբից նամակ ստացա, որ Իշխանյանն այս ամենի հետ կապ չունի: Մինչեւ անգամ ոստիկանությունը չէր փորձել դիմումատուիցս, նախագահին ուղղված դիմումի կապակցությամբ, պարզաբանումներ ստանալ: Այսօր, երբ լրատվամիջոցներից տեղեկանում ենք ՃՈ համակարգում  տեղ գտած թերությունների մասին, դժվար չէ կռահել, որ դրանք խոր արմատներ ունեն: Հայտնվելով ՃՈ պետի աթոռին, մերօրյա Քաջնազարը վեցամյա պաշտոնավարման ժամանակահատվածում հասցրեց «արդար աշխատանքի արդյունքում» ձեռք բերել բազմամիլիոն դոլարների կարողություն՝ այդ թվում.



1. Շիրակի մարզում տեխզննման կայան



2. Երթուղային երկու գիծ ք. Երեւանում



3. Մեքենաների վերանորոգման կենտրոն Երեւանում



4. Շքեղ առանձնատուն եւ բազմաթիվ էլիտար բնակարաններ Երեւանում



Մեծարգո նախագահ, ես եւ ընտանիքիս անդամները լիահույս ենք, որ Դուք պարզաբանումներ կպահանջեք այս խնդրի վերաբերյալ եւ կօգնեք մեզ ետ վերադարձնելու իրավամբ մեզ պատկանող սեփականությունները: Հավատացած ենք, որ նախագահի մակարդակով արդարությունը կհաղթանակի, եւ մեր երկիրը կմաքրվի պետական պաշտոնյայի վարկը խեղաթյուրող անարժաններից:



Անահիտ Վարդանյան