Պահանջկոտ տնօրենի գործերն ազգային անվտանգությունում

Պահանջկոտ տնօրենի գործերն ազգային անվտանգությունում
Երկու շաբաթ է` Աշտարակի տարածաշրջանի Կարին գյուղի ուսումնական եւ ֆինանսատնտեսական փաստաթղթերը Աշտարակի տարածաշրջանի Ազգային անվտանգության ծառայության բաժնում են: Դրան զուգընթաց բաժին են հրավիրվում մանկավարժներ, դպրոցի այլ աշխատողներ: Դպրոցի տնօրեն Ալվարդ Գալստյանը մեր հարցին, թե ինչ է կատարվում, պատասխանեց, որ տեղյակ չէ, բայց հաստատեց, որ փաստաթղթերը գտնվում են Ազգային անվտանգությունում: Ասաց նաեւ, թե ինքը չի հրավիրվել այնտեղ եւ որ ինքը պահանջկոտ տնօրեն է, դրա համար էլ իր գործերը ստուգում են:



Դպրոցի աշխատողներն ասում են, որ տնօրենի համար պաշտոնական դիրքի չարաշահումը դարձել է աշխատաոճ: Անցած տարի նոյեմբեր-մարտ ամիսներին տնօրենն ուսուցիչներից գումար է հավաքել:



Ասել են, որ դա տարիֆիկացիան մարզպետարանում հաստատելու համար է: Ըստ մեր աղբյուրի` միջին հաշվով Կարինի դպրոցում յուրաքանչյուր ուսուցչից հավաքվել է 10 հազարական դրամ: Բացի այդ, գումար է հավաքվել ուսուցիչներից` ուսուցչանոցը վերանորոգելու, դասասենյակ ավելացնելու համար: Այդ փաստը տնօրենը չժխտեց: Բայց արդյունքում ուսուցչանոցը չի վերանորոգվել, դասասենյակ չի ավելացվել: Իսկ 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտները միասին են դաս անում:



Այստեղ տարիներ շարունակ մեռյալ հաստիքներ են պահվել. մարդիկ, ովքեր դպրոցի տեղը չգիտեն, նրանց անունով աշխատավարձեր են դուրս գրվել: Այդ ցուցակում է նաեւ տնօրենի ամուսինը` Գագիկ Խաչատրյանը, որն զբաղեցնում է տնտեսվարի հաստիքը, իսկ ձմռան ամիսներին նաեւ հնոցապան է (վառարան վառող): Վառարանները գործի են գցում դպրոցի հավաքարարները, իսկ Գ. Խաչատրյանը դրա դիմաց ընդհանուր հաշվով ստանում է 130 հազար դրամ աշխատավարձ:



Այս տարի վեց նոր ուսուցիչներ համալրել են դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, սակայն Կարինի դպրոցից ուսուցչի թափուր տեղի համար հայտարարություն չի եղել: Ուսուցիչ նշանակվելու կարգը, ինչպես մարզի շատ դպրոցներում, այնպես էլ այստեղ, շրջանցվում է:



Նման իրավիճակում անիմաստ է խոսել դպրոցի կրթական մակարդակից, քանզի եւ Կարինում, եւ մարզի շատ դպրոցներում տնօրենի պաշտոնը դարձել է գումար վաստակելու միջոց, որի դեմ աչք է փակում մարզպետարանի կողմից նշանակված հանձնաժողովը (Աուդիտ), որն ամիսներ առաջ Կարինի դպրոցում ուսումնասիրություններ է կատարել ու զարմանալիորեն թերություններ չի արձանագրել:



Նորայր Գրիգորյան