«Վարչապետ» Արամ Հարությունյանը

«Վարչապետ» Արամ Հարությունյանը
Երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված Սեւանա լճի օրեցօր վատացող վիճակը, եւ նշեց, որ շուտով մենք Սեւանի տեղը կեղտոտ ճահիճ ենք ունենալու: Սակայն Հովիկ Աբրահամյանը հարցին պատասխանելու համար խոսք տվեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:



Վերջինս նշեց, որ Սեւանի վիճակն իրականում այնպես չէ, ինչպես նկարագրում են: «Եթե նախորդ տարի թափանցելիությունը մինչեւ չորս մետր էր, ապա հիմա՝ 6-10, իսկ մաքրման աշխատանքները 2012-ին կավարտվեն»,- ասաց նախարարը:



Լարիսա Ալավերդյանը բնապահպանության նախարարին շնորհակալություն հայտնեց պատասխանի համար եւ մի քիչ վիրավորված, բայցեւ կատակով նկատեց. «Հուսով եմ, որ օրերից մի օր դուք էլ «պարոն վարչապետ» դառնաք»:



Ի դեպ, բնապահպանության նախարարը նշեց, որ մեկ միլիոնից ավելի մանրաձուկ են բաց թողել: Վերջում իհարկե Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ վարչապետն է որոշում, թե ով է ԱԺ պատգամավորներին պատասխանելու: