Վահագն Չախալյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

Վահագն Չախալյանը անժամկետ հացադուլ է հայտարարել
Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում, հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է սկսել:



Վահագն Չախալյանը դիմել է հացադուլի ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Նա պահանջում է դադարեցնել անօրինական ճնշումները և բարելավել բանտային պայմանները:



Վահագն Չախալյանը նաև տեղեկացրել է, որ հակառակ իր պահանջների բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:



Դեռևս ս.թ. սեպտեմբերի 14-ին Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախքահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` նաև բանտային պայմանների էական խստացման միջոցով: