Մեր քաղաքը. «00»` այս է խնդիրը

Մեր քաղաքը. «00»` այս է խնդիրը
Այն, որ Ազատության հրապարակի մթնոլորտից հարակից բոլոր սրճարանների լույսերը մարվեցին, բոլոր սեղան-աթոռները դարսդարսվեցին, զուգարանները կնիքվեցին, ու պահակ-տատիկները տոտիկ-տոտիկ տուն ուղարկվեցին, կարծես թե ոչ ոք չզարմացավ: Միակ զարմանքը հարուցեց այն, թե ինչպես այս մի քանի օրը ճարպոտ ուղեղանյութով սրճարանատերերը դիմացան փող չաշխատելու մղձավանջին:



Նրանց երեւակայությունը գուցեեւ այսպիսի բռնկուն ու լարված կերպով երբեւիցե չէր գրգռվել: Երեւի քանի հազար հայհոյանք են իրենց մտքում ու մտքից դուրս նետել մարդկանց ու ստեղծված երկրային ճակատագրի հասցեին: Այն, որ սրճարանները դադարեցրին իրենց գործունեությունը, մատուցողները վայր դրեցին կապույտ եզրաշերտով սկուտեղները, արձակեցին գոգնոցները՝ նոր կյանք չսկսվեց:



Նոր կյանք կսկսվի այն ժամանակ, երբ սրճարանատերերն ստիպված կլինեն կապել մատուցողների գոգնոցներ, վերցնել կապույտ եզրաշերտով սկուտեղներն ու լայն ժպիտներով, առանց ամաչելու սպասարկել մարդկանց: Բայց նախքան այդ, սրճարանատերերը կայացրին իրենց կյանքի ամենածանր որոշումը` փակեցին զուգարաններն ու դռների բանալիները կուլ տվեցին:



Նույնիսկ առաջին կատարելագործված զուգարանի հայրենիք համարվող Կրետե կղզու ղեկավարների համար անհասկանալի կլիներ նման որոշման էությունը` զրկել մարդկանց անզրկելի ցիկլից: Նոյեմբերի 19-ին մոլորակը նշում է Զուգարանի միջազգային օրը:



Եվ, փաստորեն, եթե 2001 թվականին Սինգապուրում Ջոն Սիմի կողմից ստեղծված Զուգարանի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների ականջին հասավ այս նմանօրինակ վերաբերմունքը «00»-ների եւ մարդկանց հանդեպ, միգուցե գործը հասնի նույնիսկ մինչեւ ՄԱԿ-ի ատյաններ, որոնք, հնարավոր է՝ որոշեն ու օգնության կարգով, հատուկ ուղղաթիռներով, հայոց հնագույն հողի վրա երկնքից փչովի զուգարաններ նետեն` փրկելով ազգին ցավալի կործանումից: Կամ մեր երկրին ու նրա մումիացած ղեկավարներին հերթական անգամ տուգանեն կամ պարսավեն մարդկային ցիկլը պարտադրաբար փոխելու անիրավական փորձերի համար:



Այսօր աշխարհում 2,7 միլիարդ մարդ զրկված է զուգարանից օգտվելու հնարավորությունից: Եվ մեր քաղաքն ու քաղաքի բնակիչները սահուն կերպով ինտեգրվում են ու համալրում այս մարդկանց շարքերը:



Հետաքրքիր կլիներ. եթե փակվեին, ասենք, կառավարության շենքի զուգարանները կամ նախագահի նստավայրի, որտեղի՞ց էին օգտվելու մեր «անվանի» ղեկավարները: Անհանգստությունից կծմծելով շրթունքները, նրանք երեւի վազելով կիջնեին բակ ու վարորդներին կոպտորեն կհրամայեին քշել ուղիղ տուն (եթե, իհարկե, տուն ունեն):



Բայց տուն մտնելով, հանկարծ զուգարանի դռները կողպած կգտնեին եւ ուզած-չուզած՝ ստիպված կլինեին վազել փողոց ու ուղղություն վերցնել դեպի Հյուսիսային պողոտա, դեպի իրենց կառուցած ամայի բնակարանները, կամ կմտնեին անցումների տակ, տվյալ պահին ով ինչպիսի տարածքով գայթակղվեր:



Եվ հաջորդ օրվանից նրանք կգնեին մի քանի տուփ փափլիկ փամփերս ու, հանգստացած շունչ քաշելով, առավոտյան աշխատանքի կգնային` համարելով, որ խնդիրը լուծված է` ամեն ինչ փափուկ է, ներծծող եւ հարմարավետ:



Ինչեւէ, քաղաքի ՀԱՄԱՐԸ  վերջին երեք օրվա կտրվածքով «00»-ն է` տագնապի ու զավեշտի մի համար. համար, որ ամենատենչալին ու ամենասպասվածն է: Համար` ուրվական, համար-առաջադիմություն: