Կգնան Եվրադատարան

Կգնան Եվրադատարան
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կազմակերպված ավազակային հարձակման գործով մեղադրվող գործարար Արա Կարապետյանի վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով գործարարը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Արա Կարապետյանի եւ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունները դատարանը մերժել է, ինչը, գործարարի հարազատների մեկնաբանմամբ, նշանակում է, որ դատավորները պատվեր են կատարում:



Այժմ պատրաստվում են վճռաբեկ բողոք բերել, այնուհետեւ դիմելու են Եվրոպական դատարան, քանի որ առանձնապես հույս չեն կապում հայաստանյան դատական համակարգի հետ. «Վճիռը թողեցին նույնը, ոչինչ չլսեցին, մեր բոլոր միջնորդությունները մերժեցին: Վերաքննիչի որոշումն էլ էր նախօրոք պատրաստ, դատավորը միայն կարդաց այն:



Մենք անպայման բողոքարկելու ենք այս անարդար որոշումը: Արային հո ջուրը չէ՞ր բերել, նա արդար մարդ է»,- մեզ հետ զրույցում հուզված ասաց գործարարի քույրը՝ Ծովինար Կարապետյանը: