«Վիվարոն» ու «Տոտոն» չեն հավատում Հայաստանի հաղթանակին

«Վիվարոն» ու «Տոտոն» չեն հավատում Հայաստանի հաղթանակին
Այսօր տեղի է ունենալու Իռլանդիա-Հայաստան հանդիպումը: Այսօրվա հանդիպմանը մեր ընտրանուն անհրաժեշտ է միայն 3 միավոր: Սպասվում է գերլարված հանդիպում, հակառակորդ թիմի ներկայացուցիչներն էլ այս օրերին զգուշորեն են խոսում փոքրիկ պետության հզոր հավաքականի մասին: Հանդիպումն այնքան հետաքրքրաշարժ է, որ այսօր գրեթե բոլոր բացօթյա սրճարանները զբաղված են, երկու-երեք օր առաջ են սեղաններ պատվիրել ու անգամ նշել, թե ինչ են խմելու կամ ուտելու:



Երեւանում գործող «Չեմպիոնս» բարում արդեն երեք օր է, ինչ չկա ազատ տեղ,  վերջին աթոռը պատվիրվել է երեք օր առաջ: «Զանգում, ասում են՝ թեկուզ 30.000 դրամ էլ լինի, մի աթոռ ենք ուզում, գանք, նայենք, ինչքան ա՝ ասեք, ավել էլ կտանք»,- ասում է բարի մենեջերն ու ավելացնում, «Ճիշտ է՝ մեր մոտ միշտ էլ այպես է եղել, սակայն նման բան, որ հիմա կա, երբեք չի եղել, դա հավաքականի շնորհքն է»: Օղակաձեւ զբոսայգում նույնպես երեկոյան տեղ չի լինելու, չկար մի սրճարան, որտեղ լիներ ազատ տեղ, բոլորը զբաղված են, ֆուտբոլ նայելու են անգամ JOUSE բարում:



Մեր այն հարցին, թե ինչ են ամենաշատը պատվիրում, գրեթե բոլորը միաբերանը ասում էին՝ գարեջուր:  Մեր հավաքականի հաղթանակին հավատում ենք գրեթե բոլորս, սակայն դրան չեն հավատում բուքմեյքերական ընկերությունները: «Վիվարո» ընկերությունը մեր հավաքականի հաղթանակը գրեթե երկու անգամ ավելի պակաս է գնահատում, քան հակառակորդ թիմի հաղթանակը, նման պատկեր է նաեւ «Տոտո» եւ «Եվրոֆուտբոլ» ընկերություններում:



Գործակիցների յուրօրինակ տեսակներ կան այսօր, օրինակ, թե ինչ հաշվով հաղթանակ կտանի այս կամ այն թիմը, ինչ հաշվով կավարտվի խաղը եւ այլն: Ինչեւէ, զինվենք համբերությամբ եւ սպասենք մի քանի ժամից Դուբլինում մեկնարկող Իռլանդիա-Հայաստան դիմակայությանը, մեր հավաքականին էլ մաղթենք միայն հաղթական վերադարձ:



Հարություն Մկրտչյան