ԱԺՄ-ն, սմարթֆոնն ու պլանշետային հեռախոսները

ԱԺՄ-ն, սմարթֆոնն ու պլանշետային հեռախոսները
Մինչ Հայաստանում ներիշխանական խմորումներ են՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերի լուռ հակամարտության տեսքով, իսկ Ազատության հրապարակը պարբերաբար դառնում է ընդդիմության հանրահավաքների թատերաբեմ, առաջիկա ընտրություններում քաղաքական հայտ է ներկայացնում Ազգային ժողովրդավարների շարժումը, որն ԱԺՄ-ից ժամանակին անջատված 4 կուսակցությունների միավորում է:



Վերջիններս որոշել են միավորվել բարձր գաղափարների շուրջ՝ օգտագործելով տեխնիկական ներկա հնարավորությունները, ստեղծել համահայկական ազգ-կազմակերպություն եւ դիմակայել հազարամյակի մարտահրավերներին: Շաբաթ օրը ԱԺՄ կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել՝ քննարկելով կուսակցության դիրքորոշումն ԱԺ ընտրությունների առթիվ: Մեր հարցերին պատասխանում է ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:



- Պարոն Սադոյան, ի՞նչ հեռանկար եք տեսնում Ազգային ժողովրդավարների միավորման մեջ:



- ԱԺՄ-ից դուրս եկած կուսակցությունները, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, գտնում են, որ հիմա ժամանակն է, որ Ազգային ժողովրդավարական շարժումը վերականգնվի՝ հաշվի առնելով նաեւ արդի համաշխարհային զարգացումները, համաշխարհայնացման գործընթացները:



- Իսկ ինչո՞ւ եք գտնում, որ հենց հիմա պիտի վերականգնվի այդ շարժումը, ինչո՞վ է պայմանավորված այդ հրամայականը, ինչո՞ւ ոչ մի քանի տարի առաջ:



- Հիմա աշխարհում գնում են պրոցեսներ: Նախ՝ միշտ էլ դա կարեւոր է եղել, բայց այժմ հնարավորություն կա եւ անհրաժեշտություն կա վերաձեւավորել համաշխարհային քարտեզի փոփոխմամբ: Ազգային ժողովրդավարների շարժման կողմնակիցները ելնում են հետեւյալ գաղափարից՝ ժամանակն է, որ աշխարհով մեկ ստեղծվի ազգ-կազմակերպություն, եւ մենք մեր արտաքին մարտահրավերներին դիմակայենք ոչ միայն հայաստանաբնակ 3 մլն-ով, այլեւ աշխարհի 10 մլն-ով:



- Ասել է թե՝ ուզում եք ԱԺՄ-ն դառնա համահայկական կուսակցությո՞ւն, համաշխարհային մարտահրավերների՞ն եք ուզում դիմագրավել:



- Ազգային ժողովրդավարների շարժման գաղափարախոսությունը, որը պահանջում է աշխարհով մեկ մի ամբողջություն կազմել, չի նշանակում, որ մենք ուզում ենք ստեղծել կուսակցություն աշխարհով մեկ: Դա նշանակում է՝ փորձել ղեկավարվել այն սկզբունքով, որ եթե հնարավորություն կա համատեղ պայքարելու աշխարհով մեկ, փորձել այդ ուղղությունը տանել:



- Իսկ ի՞նչ ձեւով եք տանելու ձեր պայքարը՝ հանրահավաքներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Նաեւ՝ ընդդիմադի՞ր է լինելու միավորումը, թե՞ իշխանամետ:



- ՀԺԴ-ն, ԱԺԴ-ն եւ մյուս կուսակցությունները, որոնք ազգային ժողովրդավարական գաղափարախոսության կրողներն են, ինչ մեթոդներով որ մինչեւ հիմա պայքարել են, նույն մեթոդներով էլ կշարունակեն պայքարել: Ինչի՞ մասին է խոսքը:



- Պարոն Սադոյան, լուրեր են պտտվում, որ սա վարչապետ Տիգրան Սարգսյանի պրոյեկտն է, իշխանական պրոյեկտ է եւ այլն:



- Դա իմ պրոյեկտն ա, ինչի՞ մասին է խոսքը: ... Եթե օրինակ այսօր, երբ որ առանձնապես լայն հնարավորություններ են ստեղծվել, պատկերացնո՞ւմ եք 2-3 տարի հետո սմարթֆոն եւ պլանշետային հեռախոսները լայն տարածում ստանան նաեւ Հայաստանում: Երբ արաբական աշխարհում «Ֆեյսբուքը» ռեւոլյուցիա է անում: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ հնարավորություններ հիմա կան:



- Ի վերջո, երբ սմարթֆոնը եւ մնացածը գան Հայաստան, ի՞նչ է անելու ձեր միավորումը:



- Փորձելու է Հայաստանի քաղաքական կուրսը շեղել այնպես, որ հայ ժողովուրդը կարողանա աշխարհով մեկ միավորվել, դառնալ մեկ ամբողջություն, դառնալ ազգ-կազմակերպություն, որի դեմ իսկապես խաղ չի լինի ոչ մեկի կողմից:



- Իսկ ներկա քաղաքական լարված իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանի թիմն առանձին է, Ռոբերտ Քոչարյանինը՝ առանձին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության առաջնորդ է, ներկա քաղաքական խճանկարում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր շարժման տեղը:



- Ո՞վ է ասել, թե առանձին են, եթե մեկի պոչը միշտ մեկելի տակին է, եթե իրար հետ ստից երկխոսություն են անում: ...Թե նրանք ո՞ւմ շունն են, որ մենք պետք ա նրանց մոտ ինչ-որ բան մտածենք: Ինչի՞ պետք ա ես իմ գաղափարները դնեմ, թե ում բանակում եմ լինելու: Կլինեմ էն բանակում, որ իմ գաղափարները կընդունի: