Նոր ծրագիր ԵՃՇՊՀ-ում

Նոր ծրագիր ԵՃՇՊՀ-ում
Այսօրվանից  Երևանի ճարտապետության և շինարարության պետական համալսարանում մեկնարկեց բուհի շուրջ 100 ուսանողների անվճար սննդով ապահովելու ծրագիրը: Այս հնարավորությունից կարող են օգտվել համալսարանի այն ուսանողները, ում ուսման վարձը զեղչվում է: Ծրագիրը մեկնարկում է համալսարանի ուսխորհրդի, համալասարանի արհեստակցական կազմակերպության կոմիտեի և «Արարատ բանկ» ԲԲԸ-ի կողմից նախապես ստորագրված համագործակցության մասին հուշագրի հիման վրա: Ուսանողները սննդի դիմաց վճարումներ կկատարեն համապատասխան բանկային քարտերի միջոցով:



«Արարատ բանկի» պլաստիկ քարտերի գործառույթների վարչության պետ Գրիգոր Ցոլակյանը նշեց. «Արարատ բանկը» միշտ պատրաստակամ է լինել ուսանողի կողքին: Մենք մեր կողմից կտրամադրենք բոլոր քարտերը և խոստանում ենք, որ ծրագիրը կունենա հետևողական բնույթ»:



Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նույպես միանալու է այս նախաձեռնությանը: ՀԵՀ  հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանն ասաց, որ այս ժամանակահատվածի համար ծրագիրը աննախադեպ կարելի է համարել. «Եթե հաջողված լինի այս ծրագիրը, մյուս բուհերում էլ կկիրառենք»:



ԵՃՇՊՀ-ի ուսանող Հարություն Հարությունյանի կարծիքով՝ այս ծրագիրը համալսարանում օգտագործելը  ճիշտ որոշում է. «Սա այնքանով է ճիշտ որոշում, որ ուժեղ ազդակ է համալսարանի կողմից ուսանողի համար»:



Գոհար Փեփոյան