Մեր ֆուտբոլի «ուղեղն» ու «տերմինատորը»

Մեր ֆուտբոլի «ուղեղն» ու «տերմինատորը»
Առնվազն 3 օր հայ ժողովուրդն ապրեց Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի հաղթանակով ու առնվազն դեռ 3 օր էլ ապրելու է առաջիկա ֆուտբոլային կրքերով, որովհետեւ այսօր Դուբլինում, «Եվրո-2012-ին» ընդառաջ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խաղալու է Իռլանդիայի հավաքականի հետ: Մասնագետների   կարծիքով, խիստ կարեւոր մի խաղ, որտեղ Հայաստանին միայն հաղթանակ է պետք:



Իսկ մինչ այդ հեռուստաեթերը, մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված էին Հայաստան-Մակեդոնիա խաղի արձագանքներով: Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, երեկ հեռուստաեթերից գնահատելով տղաների փայլուն խաղը, Հենրիկ Մխիթարյանին անվանեց հավաքականի «ուղեղը», իսկ Յուրա Մովսիսյանին՝ թիմի «տերմինատորը», հավաքականի ուժային ու հարձակողական խաղն ապահովելու համար: Իսկ մարդկանց ու ֆուտբոլասերների ոգեւորությունը չափ ու սահման չուներ, քաղաքը ֆուտբոլային հաղթանակով էր ապրում:



Ոչ պակաս հետաքրքիր էր նաեւ Մակեդոնիայի հետ խաղից  2 օր հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «Ֆեյսբուքի» իր էջում զետեղած հայտարարությունը, որտեղ գրել էր, որ Մակեդոնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների խաղի ժամանակ հայտնաբերվել են տարբեր մեթոդներով կեղծված 1000-ից ավելի տոմսեր, որից հետո բոլորին խնդրել էր ունենալ ազնվություն՝ գոնե լռել եւ «ոչ թե լռելու փոխարեն փորձել վարկաբեկել ֆեդերացիային եւ աշխատակիցներին, որոնք, իմ կարծիքով, շատ բարձր մակարդակով էին կազմակերպել խաղը»,- գրել էր Հայրապետյանը:



Իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, գնահատելով մեր հավաքականի հնարավորությունները Հայաստան-Իռլանդիա խաղից առաջ, մամուլում կարծիք էր հայտնել, որ մեր խաղի որակը թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանն ունի լավ շանսեր: Վարդան Մինասյանը մատնանշել էր նաեւ իռլանդացիների մարտական բնավորությունն ու մտածելակերպը, եւ որ հակառակորդը ոչ-ոքիով չի բավարարվի:



Մեր հավաքականը երեկ առավոտյան մեկնել է Դուբլին, նրա կազմում բացակայում է Ռոբերտ Արզումանյանը, որը վնասվածքի պատճառով չէր խաղում նաեւ Մակեդոնիայի հետ խաղում: Ինչպես տեղեկացանք Ֆուտբոլի ֆեդերացիայից, մեր թիմի հետ Դուբլին են մեկնել նաեւ մոտ 200-250 ֆուտբոլասերներ, որոնք Իռլանդիայում երկրպագելու են մեր թիմին, իսկ խաղին ներկա գտնվելու համար նրանք տոմսերի համար վճարել են 45-60 եվրո: