Վերջին մոհիկանը

Վերջին մոհիկանը
Վերջին տարիներին հաճախ էի տեսնում Գրողների միության կլոր սրահում կամ ընթերցելիս, կամ էլ Էմմայի՝ միության նախագահի գործավարուհու հետ զրուցելիս: Առիթը բաց չէի թողնում մոտենալու, քանի որ նրան լսելը նման էր փնտրված գիրք ընթերցելուն: Այդ պահերին՝ բանավոր գիրք, որ Կարպիս Սուրենյանն էր, բարձրարժեք ու քչերին մատչելի, իմ համոզմամբ՝ Կոստան Զարյանի շառավղից, եվրոպակերտ մտավորական, որպես այդպիսին՝ վերջին մոհիկանը:



Բանավոր գիրք, քանի որ պատմում էր ու վերջում ասում՝ այդ մասին օրագրերումս չեմ գրել, ձեռքի ափը մի քանի անգամ իրենից օտարելու պես թափահարելով, ինչը բնորոշ էր իր բանավոր խոսքին: Ամեն անգամ ճիգ ու ջանք էի թափում համոզելու՝ ձայնագրել, ռադիոյով հաղորդում պատրաստել՝ իր կենդանի խոսքով:



Անտարբեր, առանց ավերորդ ձեւականության, առարկություն չընդունող վճռականությամբ հրաժարվում էր, համարելով՝ այլեւս ավելորդ է եւ անիմաստ, ինչը չէր արվել ժամանակին: Հասկանում էի, որ անդառնալիորեն կոտրված աշխարհ կա այս անհատի մեջ, եւ ավերակներն այնքան լուռ են, որ խոսքի ներկայությունը չեն հանդուրժում:



Գիտեի, որ մի օր, իրենից անմիջապես հետո, փորձելու եմ ինչ-որ բան գրել, բառի ճոթերն իրար բերել, ու չի ստացվելու: Եվ այս պահին է, որ դիմում եմ Պերճ Զեյթունցյանի օգնությանը, որն արցունքոտված հայացքով Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց երկնային անդորր էր ճանապարհում իր 86-ամյա գրչեղբորը:



«Կարպիս Սուրենյանն իմ 51 տարվա ընկերն է, ամբողջ կյանք ենք անցկացրել միասին: Նա շատ արժանավոր մարդ էր, բայց երբ Հայաստան եկավ, արդեն հասուն մարդ էր՝ 20 տարեկան, եւ, ցավոք, չկարողացավ հարմարվել այս նոր կյանքին, նոր համակարգին: Խորթ իրականություն էր, եւ տարիներ շարունակ գրիչը ձեռքը չվերցրեց:



Միայն տասնամյակներ հետո գրեց «Մաքուր ձեռքեր» գիրքը, որից հետո անցավ խոհափիլիսոփայական էսսեներին, որոնք շատ արժեքավոր գործեր էին՝ «Արեւորդիները», «Ոգու ամրոցները», եւ հատկապես իր տեսակի մեջ առաջին գիրքը՝ «Բնիկ, որտեղացի՞ ես». զուտ հայկական հարց՝ շատ բնորոշ մեզ: Նաեւ հոյակապ թարգմանիչ էր, իր թարգմանություններով նա հարստացրեց մեր գրականությունը:



Հայ գրականության փաստ դարձրեց Ֆեոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները», Ջոն Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին» սքանչելի թարգմանությունները: Երկար ժամանակ չստեղծագործեց եւ այդ բացը թարգմանությամբ էր լրացնում, չէր ստեղծագործում, որովհետեւ չէր հարմարվում հասարակարգի պայմաններին: Դրանք ինչ-որ իմաստով կորած տարիներ էին՝ ոչ իր համար. մեզ համար էին կորած: Կարող էր այդ տարիներին սեփական գործեր ստեղծել, չարեց եւ իր ստեղծագործական ծարավին հագուրդ տվեց թարգմանության միջոցով: Էլիտար գրող էր, ամեն մարդ չէր կարող ընկալել նրան, մեծ էրուդիցիայի տեր անհատ: Մեր մեջ քիչ կան այդպիսի իմացություն ունեցող գրողներ: Օտար լեզուներ գիտեր՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, էլ չեմ ասում՝ ռուսերեն: Շատ մեծ պաշարի տեր մարդ էր, շատ բան կարող էր անել, բայց, ցավոք, հասարակարգը թույլ չտվեց: Մխիթարվենք, որ բարեբախտաբար երկար ապրեց, եւ վայելեցինք նրա սքանչելի ներկայությունը»:



Աթենքում ծնված, Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտն ավարտած Սուրենյանը «Մաքուր ձեռքեր» գրքով սկսեց եւ ավարտեց «Ճիշտը կյանքն է» գրքով: Դժվարանում եմ վերլուծող կամ մեկնաբանող որեւէ տող գրել, քանի որ կեցություն ամփոփող այդ հայացքները թույլ չեն տալիս որեւէ միջամտություն: Նաեւ դժվարությամբ եմ այստեղ գրում, որ Կարպիս Սուրենյանը խորհրդային տարիներին անցանկալի հյուր էր իր հայրենիքում եւ գնահատվեց միայն անկախ Հայաստանի ժամանակաշրջանում՝ 2002թ. արժանանալով «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ 2004թ.՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի:



Ֆելիքս Եղիազարյան