Սարկոզին ստորացրե՞ց Ադրբեջանին

Սարկոզին ստորացրե՞ց Ադրբեջանին
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հարավկովկասյան այցից հետո ադրբեջանցիներն իսկական ցայտնոտի մեջ են: Նրանք իրենց երկիր այցը որակել են իբրեւ Սարկոզիի կողմից ցուցադրաբար նվաստացում Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Բաքվում մնացել է ընդամենը 2.5 ժամ, որը, ըստ լրատվամիջոցների, Ադրբեջան կատարած պաշտոնական այցերից ամենակարճաժամկետն է: Սարկոզին այդ ժամանակահատվածում առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, նրա կնոջն է հանձնել «Պատվո լեգեոն» շքանշան: Այնուհետեւ ճաշել է Ալիեւի հետ, մասնակցել ֆրանսիական դպրոցի բացման արարողությանը:



«Եվ դա այն դեպքում, երբ Սարկոզին գրեթե մեկ օր է անցկացրել Երեւանում, այցելել է Ցեղասպանության զոհերի հուշարձան եւ հնչեղ հայտարարություն արել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ Սարկոզին Հայաստանում սպառնում  է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ Բաքվում նույնիսկ ժամանակ չգտավ այցելելու Շեհիդների (նահատակ) ծառուղի եւ ճեպազրույց տալու։



Մեր հարեւաններին հատկապես վրդովվեցրել է փաստը, որ Երեւանում Ֆրանսիայի նախագահը խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ այն մեծ սիրո մասին, որը ֆրանսիացիները տածում են Հայաստանի նկատմամբ։ «Մի խոսքով, նմանատիպ պահվածքով Սարկոզին ցուցադրաբար նվաստացրեց Ադրբեջանին»,- եզրահանգում է ադրբեջանական մամուլը։ Սակայն Հայաստանում եւս քաղաքագիտական շրջանակները Ֆրանսիայի նախագահի այցից առանձնակի ոգեւորություն չեն ապրում հատկապես ԼՂ կարգավորման առումով:



Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ, չնայած ակնհայտ էր, որ «Ադրբեջանում Սարկոզիի վերաբերմունքը ֆորմալ էր, ասիմետրիկ», սակայն դրանից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Ֆրանսիացիները ԼՂ խնդրի լուծման առումով մեծ ջանքեր չեն գործադրի, եւ չարժե նորությունների սպասել։ «ԼՂ բանակցային գործընթացի անցած փորձը ցույց է տալիս, որ արագ լուծում չի լինելու՝ անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ Լուսնից էլ մարդիկ իջնեն։ Խնդիրը մոտ ժամանակներս չի լուծվի, որովհետեւ խնդրի լուծումը շատ բարդ է, իսկ կողմերի դիրքորոշումները՝ խիստ տարբեր»,- հիշեցրեց քաղաքագետը՝ Սարկոզիի այցը «հետախուզական բնույթի» որակելով:



Հիշեցնենք՝ Երեւանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԼՂ հակամարտությանը լուծում տալու հետեւյալ կոչով էր հանդես եկել. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը եւ գտնել հաշտեցման ուղին: Հայաստանն իրավունք ունի այլեւս չապրել մեկուսացած պայմաններում, որովհետեւ այս պարտադրված կղզիացումն անասելիորեն արգելակում է նրա բարգավաճումը եւ երիտասարդության ապագան»:



Նա նշել է, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմությունը ցույց է տալիսե որ ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել. «Սա հենց այն ուղին է, որ դուք` հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեզ համար նույնպես եկել է հանուն խաղաղության ռիսկի գնալու պահը: Գիտեմ, հայ ժողովուրդը բավական կամք, իսկ Հայաստանի նախագահն էլ` բավարար ուժ ունի, որ գնա նման քայլի: Այս ուղերձն է, որ հետո տանելու եմ Բաքու»:



ANS-ի տեղեկացմամբ, Բաքվում Սարկոզին մամուլի համար որեւէ հայտարարություն չի արել: «Հակառակ այն բանին, որ Նիկոլա Սարկոզիից առաջ խոսեց Իլհամ Ալիեւը, որի ելույթի մեծ մասը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որքան էլ տարօրինակ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիայի նախագահն իր ելույթներում բառ անգամ չասաց ԼՂ հիմնախնդրի մասին»,- նշում է ANS-ը։ «Իհարկե, եթե հաշվի առնենք, որ Սարկոզին միայն Հայաստան էր պետական այցով եկել, Ադրբեջան այցը պետական չէր, կարող էր նման մոտեցում ցուցաբերել»,- պարզաբանեց Բոզոյանը՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները հարցի լուծում չեն:



Մինչդեռ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով, Ֆրանսիան մեծ խաղացող է աշխարհաքաղաքական հարթությունում, եւ նման հայտարարություններն արդեն հայկական արտաքին քաղաքականության հաջողություն կարելի է համարել: «Դա ճեղք է դեպի Արեւմուտք»,- նշեց նախկին դեսպանը: Խոսելով հակամարտող երկրներում Սարկոզիի անհամաչափ այցի եւ ելույթների շեշտադրության մասին, Նավասարդյանը նկատեց. «Սիմետրիկ չէր էլ կարող լինել, որովհետեւ ֆրանսիացիների մեջ նստած է հայկականության սինդրոմը: Ֆրանսիացին չի կարող ադրբեջանցու հետ վարվել այնպես, ինչպես հայի հետ, դա զուտ մարդկային ֆակտորն էր խոսում: Ուրիշ բան, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որը չի կարող շրջանցել»: