Շայդուլինը քանդելու է Հայաստանի երկաթգիծը

Շայդուլինը քանդելու է Հայաստանի երկաթգիծը
Հայաստանի հացամթերքների շուկայում շարունակվում է պայքարը երկու խոշոր տնտեսվարողների՝ «Ալեքս Գրիգ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունների միջեւ, որոնք վերահսկում են Հայաստանի ցորենի ներմուծման եւ ալյուրի արտադրության շուկայի 80 տոկոսը: Հենց «Մանանա Գրեյն» ընկերությունը փորձում է իր կողմից արտադրվող ալյուրի գները հավասարեցնել «Ալեքս Գրիգի» արտադրած ալյուրի գնին, «Ալեքս Գրիգի» կողմից հետեւում է գների նոր իջեցում:



Մասնավորապես վերջին տասնօրյակում այս ընկերություններն արդեն երկու անգամ իջեցրել են իրենց կողմից արտադրվող ալյուրի գները. սկզբում մեկ 50 կգ-անոց պարկ ալյուրի հաշվով 90 ցենտ, իսկ հետո՝ եւս 40 ցենտ:



Իհարկե, Հայաստանը շուկայական տնտեսություն ունեցող երկիր է, եւ յուրաքանչյուրը կարող է ասել, որ կատարվածի մեջ ոչ մի վատ կամ արտառոց բան չկա, որ շուկայական հարաբերությունները ենթադրում են մրցակցություն, իսկ մրցակցությունն իր հետ բերում է գների իջեցում, եւ շատ լավ է, որ այս ընկերությունների իրար հետ մրցակցելու արդյունքում իջնում են ապրանքների գները, իսկ այս դեպքում այնպիսի կենսական անհրաժեշտության ապրանքի գին, ինչպիսին ալյուրն է:



Բայց դա միայն խնդրի արտաքին կողմն է, քանի որ շատ դեպքերում շուկայի մասնակիցները կարող են այդ նույն շուկայական մեխանիզմներն օգտագործել միմյանց դեմ, գներն իջեցնել այն աստիճան, որ շուկայի այլ՝ ավելի թույլ մասնակիցները չդիմանան մրցակցությանը եւ դուրս մղվեն պայքարից, որից հետո հաղթողները կարող են թելադրել իրենց ուզած պայմանները եւ գները:



Հայաստանի ալյուրի շուկան այսօր գտնվում է հենց այս վիճակում: «Մանանա Գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանն ասում է, որ արդեն 9 ամիս իր ընկերությունն աշխատում է վնասով: Այսօր «Մանանա Գրեյնի» բարձր տեսակի ալյուրի 50 կգ-անոց պարկն արժե 25,9 դոլար, իսկ Նիկողոսյանն ասում է, որ գոնե ինքնարժեքով աշխատելու դեպքում այն պետք է արժենար 2  դոլարով ավելի: Պարզ է, որ Նիկողոսյանը ձեռներեց է եւ ալյուրի արտադրությամբ զբաղվում է ամենեւին էլ ոչ բարեգործական նկատառումներից ելնելով: «Ինչու է ինքը որոշել իր կողմից արտադրվող ապրանքը վաճառել ինքնարժեքից ցածր» հարցին պատասխանում է. «Պատճառը ներքին շուկայի մրցակցությունն է»:



Սա նշանակում է, որ Նիկողոսյանն ուղղակի պարտադրված է իր ապրանքն էժան վաճառում, հույս ունենալով, որ մի օր իրավիճակը կարող է փոխվել, եւ ինքը նորից շահույթ կունենա:



«Իսկ ինչքա՞ն կարող է շարունակվել ինքնարժեքից ցածր գնով ապրանք վաճառելը» հարցին պատասխանում է. «Այնքան, մինչեւ շուկայից դուրս մղեն»: Հետո էլ ավելացնում է. «Ինձ ոչ մեկն էլ շուկայից դուրս չի կարող մղել, եթե ինքս չցանկանամ: Սարի պես կանգնած եմ իմ տեղում ու կդիմանամ ինչքան պետք է»:



Նիկողոսյանը ներկա իրավիճակի համար պատասխանատու համարում է ոչ թե մրցակից ընկերությանը, այլ Հայաստանի երկաթուղին շահագործող «Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերությանը եւ դրա տնօրեն Շեւքեթ Շայդուլինին: «Հայաստանի երկաթգիծը պատկանում է ռուսներին, եւ մենք դրա վրա որեւէ ազդեցություն չունենք, ինչ գին ուզում են, սահմանում են: Միայն այս ամիս գինը 4 դոլարով բարձացրին:



Պատճառաբանությունը՝ շվեյցարական ֆրանկի հետ են կապում, իբր իրենք ֆրանկի փոխարժեքով են աշխատում, բայց Վրաստանը գները նույն ամսին 5 դոլարով իջեցրել է, չնայած իրենք էլ են ֆրանկի փոխարժեքով աշխատում: Փորձել եմ հանդիպել, բացատրել, որ այսպես աշխատելով, իրենք քանդում են Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը, բայց ոչ մի փաստարկ չի օգնում, իրեն մի բան է հետաքրքրում՝ որքան հնարավոր է, քամել: Ես մի անգամ չի, որ ասել եմ՝ Շայդուլինը քանդելու է Հայաստանը»:



Նիկողոսյանի եւ նրա «Մանանա Գրեյն» ընկերության բախտը երեւի չի բերել նաեւ այն իմաստով, որ այս ընկերությունը գտնվում է Հայաստանի երկաթգծի վերջում, ինչի արդյունքում երկաթուղու կողմից նրան մատուցվող ծառայությունների արժեքը մեծանում է, թանկանում է ապրանքի ինքնարժեքը: Բայց, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավոր հռչակել Շեւքեթ Շայդուլինին, որը, շատերի նման, զբաղված է փող աշխատելով: Եթե Հայաստանի տնտեսական մրցակցության դաշտը պայմանավորված լիներ երկաթուղու կողմից սահմանված սակագներով, ապա ամենահաջողակ գործարարները երկրում պետք է լինեին Այրում կայարանում, որտեղ ամենացածր սակագինն է:



Իրականությունն այն է, որ Հայաստանում շարունակվում է պայքարը մոնոպոլացնելու այն ոլորտները, որտեղ քիչ թե շատ մրցակցություն կա: Եվ սա արվում է օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ համընդհանուր եւ ամենակարեւորը՝ կառավարական  պայքարի կարգախոսների ու ելույթների ֆոնին:



Ավետիս Բաբաջանյան