Արաբական խմորը դեռ շատ ջուր կքաշի

Արաբական խմորը դեռ շատ ջուր կքաշի
Արաբական աշխարհում կրկին իրարանցում է. խռովությունների ալիքը կարմիրի նոր, պայթյունավտանգ երանգներ է ստանում: Եմենի ղեկավար 69-ամյա Աբդուլլա Սալեհը, հարյուրավոր ցուցարարների կյանք խլելուց եւ վնասվածք ստանալուց հետո, վերադարձել է հայտարարությամբ, թե հրաժարվում է իշխանությունից, եւ իր պաշտոնաթողությունը մի քանի օրվա հարց է:



Ընդդիմությունը, սակայն, չի վստահում Սալեհի խոստումներին եւ հայտարարել է, որ լուրջ չի ընդունում նախագահի ասածը: Սալեհը գտնվում է ՄԱԿ-ի, ցուցարարների եւ ընդդիմության ճնշման ներքո, սակայն առայժմ անհանգստության նշաններ, սեփական ժողովրդին կոտորելուց բացի, ցույց չէր տվել: Տեղեկատվության փոխնախարարի խոսքը չի համընկնում նախագահի հայտարարության հետ, ինչը հաստատում է ընդդիմության եւ ցուցարարների անվստահությունը:



Պաշտոնյան հայտարարել է, թե իբր նախագահն իրոք մտադիր է պաշտոնաթող լինել, բայց՝ համապատասխան պայմանագրի կնքումից հետո: Ճշգրիտ օրվա մասին խոսք լինել չի կարող, ըստ փոխնախարարի, քանի որ համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ, իսկ առանց համաձայնագրի առկայության աթոռը լքելը նույնն է, ինչ երկիրը քաոսի ու պատերազմի մեջ գցելը:



Սալեհի հայտարարության մեջ ասվել է, թե պաշտոնաթողությունն օրերի խնդիր է, այնինչ, տեղեկատվության փոխնախարարի խոսքով, այն կարող է տեւել ինչպես մի քանի օր, այնպես էլ մի քանի ամիս: Վերլուծաբանները համարում են, որ պաշտոնաթողության մասին լուրը հիմքեր չունի եւ մտածված է ՄԱԿ-ի ճնշումը թուլացնելու եւ ժամանակ շահելու նպատակով:



Թեեւ Եգիպտոսին անազատության մեջ գտնվող Մուբարաքի վերադարձը չի սպառնում, եգիպտացիներն ավելի երջանիկ չեն, քան Եմենի իրենց բախտակիցները: Մոտ 80 միլիոն բնակչության 10 տոկոսը կազմող քրիստոնյա եգիպտացիները մի եկեղեցու ավերումից հետո ցույցի են դուրս եկել` պահանջելով իշխանություններից հեռացնել նահանգապետին, որը դա թույլ է տվել: Ցուցարարների խոսքով, իրենց մեջ հայտնվել են «ավազակներ»` պրովոկատորներ, որոնք բռնության են դիմել ու բախում հրահրել զինված ուժերի եւ ցուցարարների միջեւ: Արդյունքում, պաշտոնական տվյալներով, 25 հոգի մահացել են, 322-ը վիրավոր են, նրանց մեծ մասը քրիստոնյաներ են: Այս բախումը վտանգավոր է, քանի որ կարող է քաղաքացիական պատերազմի առիթ դառնալ:



Ժողովրդի` թե մուսուլմանների եւ թե քրիստոնյաների հիասթափությունը ռազմական կառավարությունից մեծ է: Ի պատասխան՝ վարչապետը հանդես է եկել անորոշ, վերացական ելույթով, որից չի հասկացվում, թե ում դեմ են պայքարում, կամ ինչ է կատարվում երկրում:



Վերջին իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել թե եգիպտացիների, թե եմենցիների տնտեսական կյանքում. այսօր Եգիպտոսի քայքայվող տնտեսությունը ներդրողների կարիք ունի, իսկ նրանք շուկայականից անհամեմատ էժան վաճառում են բաժնետոմսերը: Եմենի տնտեսությունը երկարատեւ ցույցերի հետեւանքով գրեթե ամբողջովին պարալիզվել է:



Աստղիկ Սարգսյան