Համայնքը մերժում է աղջկան

Համայնքը մերժում է աղջկան
Ամիսներ առաջ Գորիսում սեռական բռնության ենթարկված 14-ամյա անչափահաս աղջիկը դեռ շարունակում է ապրել Հայ օգնության ֆոնդի կացարանում: Հիշեցնենք, որ աղջկա մայրը դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ դուստրը հղիացել է հորից: Սակայն փորձաքննությունը պարզեց, որ աղջիկը հորից չի հղիացել: Գործը դեռեւս նախաքննության փուլում է, եւ 8 կասկածյալներ ենթարկվում են փորձաքննության:



Նախաքննության մարմինը սպասում է այդ արդյունքներին: ՀՕՖ տնօրեն Միրա Անտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջկա հոգեբանական վիճակն աստիճանաբար վերականգնվում է, սակայն Գորիսում աղջկա ընտանիքի նկատմամբ կա մերժողականություն:



«Նրանք վարձով էին մնում, այդ դեպքից հետո տանտերը դուրս հանեց նրանց»,- ասաց Մ. Անտոնյանը: Ընտանիքին օգնել է Գորիսի քաղաքապետարանի հոգաբարձուների հանձնաժողովը, նույնիսկ հովանավոր են գտել, որ նրանց 6 ամսվա տան վարձը վճարի: Մ. Անտոնյանի խոսքով, կես տարի էլ ՀՕՖ-ի դոնորներն են տան վարձը տալու, մինչեւ սեռական բռնության ենթարկված աղջիկն իր տեղը գտնի կյանքում:



«Գիտեք, արդեն կարոտում է մորը, ընտանիքին: Բայց  վերականգնումը շատ բարդ է: Նրա հետ աշխատում են մասնագետները»,- ասաց ՀՕՖ տնօրենը: Փոքր համայնքներում դժվար է ապրելը: Զրուցակիցս չի բացառում, որ աղջկա հետեւից կարող են ռեպլիկներ հնչել, նույնիսկ՝ անեծք: «Պետք է ինքը պատրաստ լինի ամեն ինչի՝ իր քաղաքում ապրելու համար, հենց հիմա նրան այդ հմտություններն էլ ուսուցանում են»,-ասաց Մ. Անտոնյանը:



Այնուամենայնիվ, որոշ ժամանակ ընտանիքում ապրելուց հետո շատ հնարավոր է, որ նորից տեղափոխվի Երեւան եւ շարունակի վերականգնողական թերապիան: Մասնագետների խոսքով՝ դա կարող է տեւել 2-3 տարի: