Աղքատության դեմ մղվող պատերազմը հաղթելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դադարել ցույց տալ իբր մենք հարուստ ենք

Աղքատության դեմ մղվող պատերազմը հաղթելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դադարել ցույց տալ իբր մենք հարուստ ենք
Անհայտ ժամանակ ոմն անանուն ամերիկացու կողմից հնչեցված այս խոսքերը զարմանքի տեղիք են տալիս միայն մեկ պատճառով: Հայկական մենթալիտետի մաս կազմող ցուցամոլությանը բնորոշ  այս դիպուկ արտահայտությունը պետք է հնչեր մի տաղանդաշատ հայի, այլ ոչ ամերիկացու կողմից: Միանգամայն ենթադրելի է, որ տվյալ ամերիկացին ունեցել է կամ ունի հայկական արմատներ:



Իսկ այժմ ավելի լուրջ: Հոկտեմբերի 17-ը աղքատության վերացման միջազգային օրն է: Եթե հաշվի առնենք, որ ամիսներ անց տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, և Հայաստանում նախընտրական կրքերը այն աստիճան բորբոքված են, որ մարդիկ գերադասում են գիշերել վրաններում, ապա հասկանալի և կանխատեսելի է աղքատության վերացմանն ուղղված զեկույցների ու վերլուծությունների բովանդակությունը:



Ինչպես միշտ հայրենական հեռուստաալիքներից կլսենք «հուսադրող թվեր»: ՀՀ նախագահի մշտազբաղ առօրյայի պայմաններում տնտեսական աճի բարձր և այդպիսով, աղքատության գոյության ցածր ցուցանիշների մասին անպայման կլսենք հանրապետության վարչապետից: Ազգային վիճակագրական ծառայության մատուցած թվերը կարող են անկաշկանդ օգտագործել ազգի բոլոր օրենսգիր ընտրյալները:



Նրանք հպարտությամբ և գոհունակ ժպիտով կազդարարեն, որ նախորդ տարիների համեմատությամբ աղքատությունը նկատելիորեն նվազել է` պարարտ հող նախապատրաստելով Համաշխարհային բանկից նոր վարկեր ստանալու, երկարաժամկետ ու կարճաժամկետ նոր ծրագրեր իրականացնելու համար: Թող խոսեն ինչքան կուզեն: Միևնույն է, նրանց մատուցած «աղոտ թվերն ու խոսքերը» անհասկանալի են թե հարուստների, թե աղքատների համար:



Իրականում, սակայն, պատկերն այլ է: Հանրապետության նախագահը բազմիցս հորդորել է քիչ խոսել և առավել ևս, ուռճացնել արտագաղթի հետ կապված տոկոսային ցուցանիշները, որոնք հարմար գործիք են դարձել ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Բայց չէ որ արտագաղթի առաջին խթանը հենց աղքատությունն է:



Հայաստանում աղքատությունը տարածված է ուսումնասիրողների կողմից ամրագրված բոլոր կետերով` տնտեսական, սոցիալ-առողջապահական, ժողովրդագրական, կրթական, քաղաքական, տարածաշրջանային-աշխարհագրական: Տնտեսական ոլորտում աղքատությունը տարածված է անաշխատունակության, ցածր աշխատավարձի, աշխատանքի ցածր արտադրողականության տեսքով, սոցիալական ոլորտում` հաշմանդամության, հիվանդությունների տարածման տեսքով, ժողովրդագրական ոլորտում` մեծ թվով արտերկիր մեկնողների, և այդպիսով, միայնակ ծնող ունեցող ընտանիքների տեսքով, կրթական ոլորտում` ոչ բավարար մասնագիտական պատրաստության, կրթության ցածր մակարդակի տեսքով, քաղաքական ոլորտում` հակամարտության գոյության, հարկադրված արտագաղթի տեսքով, իսկ տարածաշրջանային-աշխարհագրական ոլորտում առկա է հանրապետության առանձին շրջանների ոչ հավասարաչափ զարգացում, որը նույնպես նպաստում է աղքատության տարածմանը:



Թողնելով գիտական բառապաշարն ու տերմինները` հարկ է նշել, որ աղքատության հետ կապված են հացի, հագուստի, կացարանի, հոգևոր բավարարվածության խնդիրները: Վերջիններս հնարավոր է անուշադրության մատնել, սակայն հացի խնդիրը աղքատության կարևորագույն խնդիրն է և առավել արդիական, քան մյուս խնդիրները: Բևեռացված մեր հասարակությունում օրինաչափ է, որ մի ընտանիք կարող է օգտագործել միմիայն արտասահմանյան բրենդային հագուստ և սնունդ, երբ բազմաթիվ ընտանիքներ մի կերպ քարշ են տալիս գոյությունը օրավուր հաց վաստակելու նպատակով:



Տվյալ դեպքում իրականությունից կտրված հայ չինովնիկը որտեղից ընկալի աղքատության իրական բանաձևը, երբ ոչ մի անգամ բառիս բուն իմաստով չի կոտրատվել «հոտավետ երթուղայինում», խանութից չի գնել թղթից և քիմիկատներից պատրաստված էժանագին երշիկ, թանկարժեք կոշիկները չի մաշել ավերված ճանապարհներին, չի կրել Եվրոպայից Հայաստան կիլոգրամով ներկրված «նորաոճ հագուստ»:



Ի դեպ, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների կողմից ընթացիկ տարում տրանսպորտից և մետրոյից օգտվելը շատ մոդայիկ է: ԶԼՄ-ները լուսաբանում են այդ տեղեկատվությունը, բայց կադրից ու էկրանից մշտապես դուրս են մնում վերջիններիս անվտանգության աշխատակիցների ու մանկլավիկների  գործունեությունը «շեֆերի» համար ճանապարհ հարթելու և շրջապատողներին սարսափեցնելու հետ կապված:



Ինչպես կարող եք պատկերացնել, որ հայ փողկապավոր պետական գործիչը կուչ գա երթուղայինում կամ գտնվի մետրոյի գնացքում մաստակ և խաչբառ պարունակող դարակը վզին կապած մանրավաճառի կողքին: Իհարկե, նման բանն անթույլատրելի է և արդարացի:



Սակայն հայ պետական գործիչների գործունեությունից բացի անհրաժեշտ է ուսումնասիրել հայ հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացները խնդրո առարկա թեման ավելի լավ պատկերացնելու համար: Անզեն աչքով նայում ես մայրաքաղաքով սփռված սուպերմարկետներին, սրճարաններին, ռստորաններին, ժամանցի ու հանգստյան վայրերին և նույնիսկ մի պահ մտածում` միգուցե ՀՀ ԱՎԾ մատուցած տեղեկությունները հավաստի են: Հատկապես տոնական օրերից առաջ տիրող «թալանն» ու դրա հետ կապված շարժը տեսնելով` մոռանում ես աղքատության մասին: Մարդկանց չեն վախեցնում նույնիսկ թանկացումները: Հայաստանից դուրս ապրող հայը կամ օտարերկրացին, տեսնելով այդ վիճակը, կարող են հավատալ ՀՀ տնտեսության զարգացման ցուցանիշներին, բայց հայաստանաբանակները լավ պատկերացնում են իրականությունը: Բավական է թվարկել միայն մի քանի օրինակ հայաստանյան ցուցամոլությունը ամբողջովին ընկալելու համար: Ամենապարզ օրինակը վերաբերում է բջջային հեռախոսին: Հայը պետք է ունենա չափերով մեծ և բազմաֆունկցիոնալ հեռախոս:



Ոչ պակաս հետաքրքիր է նաև բարձր տոկոսներով վարկ վերցնելը և Ամանոր նշելը: «Տարին մեկ անգամ է լինում, պետք է լավ լինի» արտահայտությունը մեկնաբանության կարիք չունի: Ցուցամոլության աբսուրդային օրինակ է տունը վաճառելը և թանկարժեք ավտոմեքենա գնելը: Առաջին հայացքից անհավատալի է, սակայն նման երևույթներ արդեն տեղ գտել են մեր հասարակությունում: Ինչ է ստացվում:



Ակամայից հիշելով մեր ենթադրյալ հայ ամերիկացի բարեկամի խոսքերը համոզվում ենք, որ մեր հասարակությունում հարստության իմիտացիա է ստեղծվում, որն ավելի է նպաստում աղքատության խորացմանը: Շատ մարդիկ պատրաստ են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն` էլ ավելի խորացնելով համազգային դեպրեսիան:



Փաստորեն, և կառավարողները, և կառավարվողները ունեն իրենց մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում: Իրավական, սոցիալական պետություն դառնալու ճանապարհին Հայաստանը շատ խոչընդոտներ պետք է հաղթահարի, որոնցից  մեկը հենց աղքատությունն է: Այդ ճանապարհին պետական գործիչներին անհրաժեշտ է քաղաքական կամք ու արիություն, իսկ շարքային քաղաքացիներին անհատական զարգացած գիտակցություն ցոփության շղարշից դուրս գալու և սթափ որոշումներ կայացնելու համար: Այդ որակներով օժտված ենք մենք` երիտասարդներս: Տարեցները երևի թե ուշացել են գնացքից: Դժվար թե նրանց օրոք այս հոդվածը կորցնի իր արդիականությունը:



ՀԺԱՄ երիտասարդական թև