Կոալիցիան եւ նրա ցանկությունը

Կոալիցիան եւ նրա ցանկությունը
Եթե չեմ սխալվում, հենց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին է պատկանում այս «հանճարեղ» միտքը. «Մենք պուտանկա ենք, բայց մեզ դեպուտատ են ասում»: Երբ այս բացահայտումից հետո լրագրողներն ԱԺ-ում հարցում անցկացրին «Կապ ունե՞ն արդյոք քաղաքականությունն ու բարոյականությունը» թեմայով, չգիտես ինչու, դեպուտատներն այնպես խոցվեցին մինչեւ հոգու խորքը, ասես իրենք դեռատի աղջիկ էին, ու իրենց գիշերային սեանսի համար կինո էին հրավիրել:



Այդ նույն Ռաֆիկ Պետրոսյանի պատճառով ասեմ, թե մեղքով, դարձյալ «путаница» է առաջացել, այս անգամ` երկխոսության հնարավոր շարունակության հարցի շուրջ, եւ պատգամավորները (հասկանալի պատճառով՝ միայն կոալիցիայից) իրենց դարձյալ դեպուտատի պես են պահում: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` «Հայ ազգային կոնգրեսի հետ կրկին երկխոսելու հեռանկարն ամենեւին էլ տապալված չէ, քանի որ երկու կողմերն էլ չեն ժխտում երկխոսելու ցանկությունը»:



Պարոն դեպուտատին հիշեցնենք, որ քաղաքականությունը, ինչով նաեւ ինքն է զբաղվում ի պաշտոնե, ցանկությունների կծիկ չէ, այլ իրավիճակի թելադրանքով իրականացվող որոշակի գործողությունների զուգակցում, որ պետք է ունենա նպատակ եւ այդ նպատակին հասնելու ճանապարհներ: Վերջին հաշվով` գաղտնիք չէ, որ թե իշխանությունը եւ թե ՀԱԿ-ը ունեն բազմաթիվ ցանկություններ, այդ թվում՝ նաեւ երկխոսելու, բայց այդ ցանկությունները նրանք պետք է բավարարեն այլ վայրերում եւ ոչ երբեք քաղաքական դաշտում: Քաղաքական դաշտը չպետք է այնպես խեղաթյուրվի, որ հետո հարց առաջանա բարոյականության ու քաղաքականության հնարավոր կապի մասին:



Չնայած այն հանգամանքին, որ ՀԱԿ-ն այլեւս աննպատակահարմար է հռչակել իշխանությունների հետ երկխոսության շարունակումը եւ նույնիսկ փոխել իր հիմնական պահանջը, այնուամենայնիվ իր հայտարարության վերջում ավելացրել է հետեւյալ միտքը, որ իրենք կմտածեն երկխոսության մասին, եթե իշխանությունները խնդրեն վերսկսել այն:



Ռաֆիկ Պետրոսյանը, որ անկասկած տեղյակ է ՀԱԿ այս հայտարարությանը, լրագրողներին աջուձախ ասել է, որ Հանրապետական կուսակցությունը եւ կոալիցիան խնդրելու որեւէ բան չունեն։ Ով դադարեցրել է, նա էլ պետք է նախաձեռնի վերսկսումը։



Այսինքն` Ռաֆիկ Պետրոսյանը, եթե նկատեցիք, դեպուտատի կեցվածք է ընդունում. վերեւում նա ասում էր, որ երկու կողմն էլ ցանկանում է երկխոսել, իսկ ներքեւում, ահա, հասկացնում է, որ թեեւ իշխանությունը ցանկություն ունի երկխոսելու, բայց այդ մասին չի խնդրի ՀԱԿ-ին:



Լավ, բա ի՞նչ անենք:



Ի՞նչ պետք է անենք: Մի քանի տողի մեջ ինքն իրեն հակասած Ռաֆիկ Պետրոսյանը ստեղծված իրավիճակից ելքի հույսը դեռ չի կորցրել. «Ուղղակի ասում են՝ թող դիմացինն առաջարկի, մյուս կողմն էլ ասում է՝ թող նրանք առաջարկեն։ Բայց դա այնքան էական հարց չէ։ Մեկնումեկն ի վերջո կառաջարկի, որ շարունակեն երկխոսությունը»:



Մնում է պարոն Պետրոսյանից պարզել` ո՞վ է այդ մեկնումեկը, եթե իր իսկ խոսքերից հետեւում է, որ դա իշխանությունը չի կարող լինել: Ըստ մեզ` երկխոսությունը շարունակելու առաջարկություն կամ խնդրանք ՀԱԿ-ից նույնպես չի կարող հնչել, որովհետեւ ավելի քան տարօրինակ կլինի պատկերացնելը, թե ՀԱԿ-ում հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը կհամաձայնի իրենց հետ քննարկել իր անհապաղ հրաժարականի հարցը:



Մենք, իհարկե, Ռաֆիկ Պետրոսյանի հանգույն կարող ենք վստահաբար պնդել, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Տառացիորեն ամեն ինչ: Բայց ի՞նչ կասեն իրենց ասպարեզում ամեն ինչ հնարավոր համարող թատերական գործիչները: Թատերագիրները, ռեժիսորները եւ դերասանները պակա՞ս երեւակայություն ունեն, քան քաղաքական գործիչները:



Երեւի ոչ, բայց մեր կոալիցիոն դեպուտատական կորպուսի այս վառ անհատականության պնդումներից զգացվում է, որ կոալիցիան իր երեւակայությամբ, քաղաքականությունն ի՞նչ է որ, ծալած ունի ուզածդ ինքնագործ գեղարվեստական կոլեկտիվի:



Կոալիցիան ցանկություն ունի, բայց չի երկխոսի, եթե երկխոսելու ցանկություն ունեցող ՀԱԿ-ն առաջինը չառաջարկի երկխոսել` այսպիսի բան հասկացանք ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարություններից:



ՀԱԿ-ի տեղը լինեմ` կոալիցիային եւ Ռաֆիկ Պետրոսյանին կառաջարկեմ, նույնիսկ կխնդրեմ երկխոսել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի հարցի շուրջ: Թե հետո Սերժ Սարգսյանն ինչպես կվարվի իր հրաժարականի շուրջ ՀԱԿ-ի հետ երկխոսելու ցանկություն ունեցող կոալիցիայի եւ նրա առանձին դեպուտատների հետ, դա արդեն նախագահի, կոալիցիայի եւ նրա դեպուտատների պրոբլեմն է: Ամեն դեպքում կարծում եմ` Ռաֆիկ Պետրոսյանին չեն փրկի նաեւ «Քոչարյանին պաձերժկա չենք անի» կամ «Հրաժարական-մրաժարական չի լինի» մերկապարանոց հայտարարությունները: Կարեւորն այն է, որ, ինչպես ասում է պարոն դեպուտատը, ինքը եւ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, ցանկություն ունեն երկխոսելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` թեկուզ գործող նախագահի անհապաղ հրաժարականի հարցի շուրջ:



Էդիկ Անդրեասյան