Հաղթողը հրաժարվել է

Հաղթողը հրաժարվել է
Երեւանի քաղաքապետարանը Աբովյան-Կորյուն գետնանցումը վաճառելու նպատակով հայտարարել էր մրցույթ, որի մեկնարկը կայացել է սեպտեմբերի 19-ին, իսկ արդյունքներն ամփոփվելու էին հոկտեմբերի 19-ին: Սակայն երեկ պարզ դարձավ, որ մրցույթում հաղթած «Անցում 1» ՍՊԸ-ն հրաժարվել է, եւ մրցույթը հայտարարվել է չեղյալ:



Այս մասին մեզ հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ հերքելով, որ «Անցում 1»-ը պատկանում է «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանին, քանի որ տեղեկություններ կային, որ հենց նա է կանգնած նշված ՍՊԸ-ի ետեւում: Իսկ հրաժարվելու պատճառը հավանաբար գետնանցումում առեւտրով զբաղվողների կազմակերպած բողոքի ակցիաներն էին:



Երեկ բողոքողները գնացել էին նախագահի նստավայրի մոտ, որտեղ նրանց ընդունել, լսել էին եւ ասել, որ ժամը 15:30-ին կպատասխանեն: Նշված ժամին հայտնել էին՝ կարող եք գնալ եւ ձեր առեւտրով զբաղվել, ձեզ որեւէ խոչընդոտ չի սպառնում: Մեր տվյալներով՝ հենց նախագահի նստավայրից էլ մրցույթում հաղթած «Անցում 1» ՍՊԸ-ին հրահանգել են հրաժարվել մրցույթից, որպեսզի խուսափեն խորհրդարանական ընտրություններից առաջ բողոքներից ու նման կարգի ավելորդ գլխացավանքներից:



Գետնանցումը վաճառելով՝ քաղաքապետարանը ոչ միայն այդտեղ շուրջ 20 տարի առեւտրով զբաղվողներին էր գործազուրկ դարձնում, այլեւ քաղաքի այդ հատվածը զրկում էր տրանսպորտային երթեւեկությունը կանոնակարգելու հեռանկարից: Ժամանակին այս հատվածի վերաբերյալ կար քաղաքաշինական մի նախագիծ, որով նախատեսվում էր գետնանցումը վերակառուցելով՝ դարձնել երկհարկանի, որպեսզի ներքեւով նույնպես մեքենաներ երթեւեկեն:



Սակայն գետնանցումի վերակառուցման նախագծի հեղինակ Շաքարյանը, որն աշխատում է «Երեւաննախագիծ» ինստիտուտում, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն նման գետնանցում կառուցելու անհրաժեշտությունը չի զգացվում: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը բոլորովին այլ կարծիքի է եւ մեզ հավաստիացրեց, որ, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի, սա մայրաքաղաքի հիմնական մայրուղիներից մեկն էր լինելու. «Չարենցի փողոցից Կորյունով հատելով Աբովյան եւ Տերյան փողոցները, Ընդունելությունների տան մոտով միանալու էր Դավիթաշենի կամրջին: Երբ ժամանակին նախագծվել է այդ գետնանցումը, այնպիսի թռիչքներ են վերցրել, որ Կորյունի փողոցն իջնի ներքեւի մակարդակ, իսկ Աբովյան փողոցն աշխատի վերեւից:



Այդպիսով տրանսպորտային հանգույց էր լուծվում»: «Մենք տեսնում ենք, թե Աբովյան փողոցն ինչ խցանումներով է աշխատում, նման խաչմերուկները պետք է ունենան անընդմեջ աշխատելու հնարավորություն՝ առանց լուսաֆորների»,- ասում է պրն. Մուշեղյանը: Իսկ որ գետնանցումի վերակառուցումն անհրաժեշտություն է, պարոն Մուշեղյանն այսպես ձեւակերպեց.



«Եթե այսօր քաղաքապետարանը վաճառում է գետնանցումը, միեւնույն է, վաղը սեփականատիրոջից ստիպված է լինելու մի քանի անգամ թանկ գնով ետ գնել, որպեսզի այդ նախագիծն իրականացնի, քանի որ դա անհրաժեշտություն է»:



Գուցե այս հրապարակումից հետո էլ, նախընտրական գլխացավանքն աչքի առաջ ունենալով, Երեւանի քաղաքապետին նախագահականից հրահանգեն, որ իրականացնի գետնանցումի վերակառուցման նախագիծը եւ չխեղաթյուրի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը:



Ֆելիքս Եղիազարյան