Անհատ վարորդներին զրկել են

Անհատ վարորդներին զրկել են
«Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման հանձնելուց մի քանի օր անց բողոքի ակցիա են անում անհատ տաքսիստները: Բանն այն է, որ այսուհետ նրանք հնարավորություն չեն ունենա օդանավակայանից ուղեւորներ տեղափոխել քաղաք: Օդանավակայանը մի քանի ամիս առաջ հայտարարել է մրցույթ, որին մասնակցել ու շահել են երկու ընկերություններ, եւ հիմա նրանք պետք է գործունեություն իրականացնեն:



Դրանք են՝ «Տուր» եւ «Աերո» ընկերությունները, եւ նրանք էլ երեկ «դիմավորեցին» բողոքողներին: Բողոքի ակցիային մասնակցող ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն  ասաց. «Այստեղ մենք պետք է խոսենք կանոնակարգելու խնդրից, եւ պետք է այնպիսի մեքենաներ լինեն, որոնք համապատասխանում են չափանիշներին, որոնք կարող են մարդկանց տեղափոխել՝ սկսած վարորդի արտաքին տեսքից մինչեւ մեքենայի հարմարավետությունը:



Եթե կան այդ չափանիշները, նշանակում է վարորդը պետք է հնարավորություն ունենա ազատ մրցակցության մեջ լինել մյուսների հետ: Այստեղ խախտվում է վարորդի իրավունքը»: Ակցիայի վերջում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ խնդիրը լուծելու համար:



Հարություն Մկրտչյան