Հազիվ փրկվել է

Հազիվ փրկվել է
Երեկ, ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի փրկարարներն ահազանգ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան 13 շենքի տանիքից թիթեղներ են ընկել: Պարզվել է, որ քամին շենքի տանիքից ցինկապատ թիթեղներ է պոկել, որոնք ընկել են բակում կայանված «Օպել Օմեգա» մակնիշի 21 ՏՕ 420 համարանիշի ավտոմեքենայի վրա:



Իսկ «ՆԻՐՎԱՆ» ՍՊԸ-ն տանիքի վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում: Բարեբախտաբար, թիթեղներն ընկել են շենքը սնուցող մալուխի վրա, որը փոքրացրել է հարվածի ուժգնությունը, եւ մեքենան շատ չի տուժել: Բարեբախտություն է նաեւ, որ այդ պահին բակում մարդիկ չեն եղել:



Ավտոմեքենայի սեփականատեր Մարտիկ Տեր-Ստեփանյանը պատմել է. «Ժամը 11-ից ուժեղ քամի էր: Տեսնելով, որ քամին ուժեղանում է, դուրս եկա, որ մեքենաս անվտանգ վայր քաշեմ: Հենց մեքենայի դռան մոտ նկատեցի, որ տանիքից թիթեղների մի ամբողջ կույտ դեպի մեքենան է գալիս: Չհասցրեցի մեքենան բացել, հազիվ կարողացա ինձ գցել շքամուտք, ու եկավ-ընկավ մեքենայի վրա: Դրանից հետո մոտ մեկ ժամ շարունակվեց ուժեղ քամին, էլի թիթեղներ պոկեց-գցեց բակի մյուս հատվածները»:



Մեքենատիրոջ կարծիքով, ինքը մոտ 200 հազար դրամի վնաս է կրել: