«Գրողների գնացքը» հավակնում է «գրողների վագոն» լինել

«Գրողների գնացքը» հավակնում է «գրողների վագոն» լինել
Հոկտեմբերի 16-22-ը Ֆրանսիայում հայ գրողների մասնակցությամբ կանցկացվի «Գրողների գնացք» ծրագիրը, որի կազմակերպիչն է Ֆրանսիայի գրքի կենտրոնը: «Շատ լավ ծրագիր է, Ֆրանսիայի հայաբնակ քաղաքներով՝ Մարսելից մինչեւ Փարիզ գրական գնացքը հանդիպումներ է ունենում, մեր գրականությունն է քարոզում, մեր գրողներին, մեր արժեքները»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ու անդրադառնալով ծրագրի մեջ չընդգրկված գրողների դժգոհություններին, նշեց, որ ի սկզբանե կազմակերպիչ կողմն իրենց ասել էր, որ գրական գնացքը պետք է բաղկացած լինի 25-30 հոգուց, բայց «մեզ չէին ասել, որ Սփյուռքը ներառյալ»:



«Մենք տվեցինք նրանց 25 հոգու ցուցակ, նախապես բոլորին ասացինք՝ արդյո՞ք հոկտեմբերին քաղաքում եք, կուզենա՞ք գնաք, եւ ցուցակն ուղարկեցինք: Բայց որոշ ժամանակ հետո ստացանք մի ցանկ, որը գրեթե ոչ մի կապ չուներ մեր տվածի հետ: Հիմա արի՝ քանի գլուխ ճեղքի ու համոզի, որ դա Գրողների միության ընտրությունը չի եղել, մենք ներկայացրել ենք, բայց իրանք են ընտրել, քանի որ նրանցն են փողերը»,- նշեց Անանյանն ու մեր այն դիտարկմանը, թե այնուամենայնիվ ոնց էլ լինի՝ Ֆրանսիան մեր գրական դաշտին այնքան էլ քաջատեղյակ չի լինի, եւ լավ չէ՞ր լինի, որ այդ ընտրությունը թողնեին հայաստանյան կողմի վրա, գրողների ընտրության տրամաբանությունը բացատրեց «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով. «Հասկանալի է, որ այնտեղ իրենք ունեն իրենց խորհրդատուները, որոնք իրենք են ջոկել»:



«Գրողների գնացքին» Հայաստանից ի սկզբանե մասնակցելու էր 7 գրող՝ Հովհաննես Գրիգորյանը, Վիոլետ Գրիգորյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Կարեն Անտաշյանը, Հենրիկ Էդոյանը, Կարինե Խոդիկյանը եւ Լեւոն Անանյանը: Երեկ մեզ հետ զրույցում պատվիրակության ղեկավար Լեւոն Անանյանը նշեց, որ, զբաղվածությունից ելնելով, հրաժարվել է մեկնել Ֆրանսիա, առողջական խնդիրներով չի կարող մեկնել նաեւ Հովհաննես Գրիգորյանը, բացի այդ, «Գրողների գնացքին» հրաժարվել է մասնակցել նաեւ Հենրիկ Էդոյանը: Ստացվում է՝ աստիճանաբար նոսրացող իր կազմով «Գրողների գնացքն» արդեն հավակնում է «Գրողների վագոն» լինել: