Հազարից 20 հազար դրամ մանկական «Եվրատեսիլի» տոմսերի դիմաց

Հազարից 20 հազար դրամ մանկական «Եվրատեսիլի» տոմսերի դիմաց
Դեկտեմբերի 3-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, առաջին անգամ կանցկացվի մանկակական «Եվրատեսիլ 2011»-ը: Այս տարի մանկական «Եվրատեսիլը» Հայաստանում հյուրընկալելու է 13 երկրի պատվիրակությունների ու ներկայացուցիչների:  Վիճակահանության արդյունքում արդեն պարզ է նաեւ մասնակիցների ելույթների հերթականությունը:



Մրցույթը բացելու է Ռուսաստանի մասնակիցը, իսկ վերջին համարի տակ հանդես է գալու Բելգիայի ներկայացուցիչը: Հայաստանը ներկայացնող Դալիթան «Welcome to Armenia» երգով հանդես կգա 4-րդ համարի ներքո:  Հայաստանում անցկացվող մանկական «Եվրատեսիլին» մասնակցության հայտ չեն ներկայացրել, հեւաբար նաեւ մրցույթին չեն մասնակցի Թուրքիան եւ Ադրբեջանը:



13 երկրների մասնակիցները Երեւան կժամանեն նոյեմբերի վերջին, ինչի առիթով կազմակերպվելու է նաեւ ընդունելություն: Դրան կմասնակցեն հանդես եկող երկրների պատվիրակությունները, իսկ մրցույթից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, երկրպագուները հնարավորություն կունենան ներկա գտնվել մանկական «Եվրատեսիլի» գլխավոր փորձին:



Եվրատեսիլյան տոմսերը կարժենան 1-20 հազար դրամ, վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 15-ից: Մանկական «Եվրատեսիլի» հաղթողը կորոշվի քվեարկությամբ՝ 50/50 հարաբերությամբ, որտեղ կամփոփվեն պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների ձայները:



Միակ նորույթն այն է, որ քվեարկությունը տեղի կունենա մրցութային համերգի ավարտին: Ինչ վերաբերում է մանկական «Եվրատեսիլի» հաղորդավարներին, ապա այդ հարցը դեռեւս քննարկվում է, հայտնի է միայն, որ թեկնածուների թվում է նաեւ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: