Նախագահն է պատասխանատու

Նախագահն է պատասխանատու
Երեկ հենց այս համոզմամբ էլ բանակում սպանված, իսկ ըստ պաշտոնական լրատվության՝ ինքնասպանություն գործած զինվորների ծնողներն ու հարազատները ժամը 13:00-ին բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով վերջ դնել բանակում կատարվող սպանդին եւ բացահայտել իրենց զավակների իրական սպանողներին:



Շուրջ երկու ժամ տեւած բողոքի ակցիան, սկզբում հանդարտ ու անվրդով, ընթանում էր մետրոյին հարող մայթին: Որդեկորույս մայրերը ցուցապաստառներով, զավակների լուսանկարներով, նաեւ խոշտանգված դիակների պատկերներով, պատասխան եւ վերաբերմունք էին պահանջում հանրապետության նախագահից:



«Եթե 2001թ. սպանված զինվորի հրամանատարը դատապարտվեր, 2007թ. իմ էրեխուն չէին սպանի»: «Սպան, որ սպանել ա տղայիս, միանգամայն բացահայտ ա»: «Էս երկիրը ոչ նախագահ ունի, ոչ դատախազ ունի, ոչ նախարար ունի»: «Զորամասում սպանություն ա եղել՝ լեյտենանտից մինչեւ կորպուսի հրամանատար պաշտոնները բարձրացրել են»:



«Ինչո՞ւ իրավիճակը չի շտկվում, ի՞նչ ա կատարվում մեր բարդակ զորամասերում, զինվորներին բռնաբարում են»: «Ի՞նչ ա նշանակում՝ զինվորն ինքնասպան ա եղել, թող նախագահն ինքնասպան լինի, որ ինքն ա պատասխանատու ամբողջ զինվորության համար»...



Այսպես, միմյանց հերթ չտալով, իրենց որդիների սպանության փաստերը բղավելով՝ որդեկորույս մայրերը, հակառակ ոստիկանների զգոնության կոչերին, անցան Բաղրամյան փողոցի երթեւեկելի մասը, անվտանգ գրոհեցին նախագահի նստավայրի վրա՝ ընդհուպ մոտենալով ճաղերին: Ոստիկաններն անմիջապես կենդանի շղթայով օղակեցին նստավայրի մուտքը՝ թույլ չտալով, որ ճաղերին մոտեցածների խումբը մեծանա: Այնուհետեւ վազքով եկավ կարմիր բերետավորների խումբը՝ անվտանգության շղթան դարձնելով կրկնակի: Շղթայի երկու կողմերում հավաքվածները պահանջում էին, որ Սերժ Սարգսյանը դուրս գա եւ պատասխան տա իրենց:



Փոխարենը եկավ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանի աշխատակազմից Վարդան Ղուկասյանը եւ բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց իր հետ գնալ Ռազմական ոստիկանություն, որտեղ կոլեգիայի նիստ է ընթանում՝ դատախազի, քննչականի պետի, հրամանատարների մասնակցությամբ, եւ հենց այնտեղ էլ իրենց հուզող հարցերի պատասխանները կստանան: Մայրերը հրաժարվեցին՝ ասացին, որ արդեն ստացել են պատասխանը՝ «ինքնասպանություն» որակումով:



Իսկ ինչո՞ւ է հենց այսօր որոշվել կոլեգիայի նիստ անցկացնել: Ղուկասյանը պատասխանեց, որ դեռ մեկ ամիս առաջ էր որոշվել, սակայն խոստովանեց, որ կոնկրետ օրը չէին ընտրել: Բողոքողները վստահ էին, որ այդ օրվա ընտրությունը պատահական չէր, քանի որ նախորդ օրվանից տեղյակ էին ակցիայի մասին, իսկ իրենց ընդամենը ժամեր առաջ են հրավիրել մասնակցելու նիստին:



Որ հատկապես բողոքի ակցիան կանխելու նպատակով են Ռազմական ոստիկանությունում իրար անցել: Զինվորների ինքնասպանության մեջ համոզված Ղուկասյանը՝ այն հարցին, թե ինչու սպաներն ինքնասպանություն չեն գործում, թե՞ դա միայն զինվորների մենաշնորհն է, պատասխանեց. «Եղել են սպաներ, որ գործել են ինքնասպանություն՝ խումհարի պատճառով, խաղամոլության պատճառով»:



Որդեկորույս մայրերը, հասկանալով, որ անհույս է նախագահին սպասելը, որ ոչ նա, ոչ էլ որեւէ մեկը դուրս չի գա եւ բառ չի ասի իրենց, հեռացան ճաղերից: Մի կարճ ժամանակ, ընդհատելով Բաղրամյան փողոցի երթեւեկությունը, կանգ առան, դեմքով շրջվեցին նախագահականի կողմը եւ սկսեցին վանկարկել՝ «Մարդասպաններ», «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ, մարդասպան»:



Արդեն դիմացի մայթին Ղուկասյանը կրկին համոզում էր լրագրողներին, որ իր տրամադրած մեքենայով գնան եւ մասնակցեն կոլեգիայի նիստին: Լրագրողները գնալն անիմաստ համարեցին, քանի որ զինվորների ինքնասպանության վարկածը հերքող փաստերը որդեկորույս ծնողների փաստաբանները կարող էին ներկայացնել, իսկ նրանք այնտեղ չէին:



Ի վերջո, Ղուկասյանը պայմանավորվեց, որ հաջորդ կոլեգիայի նիստից տասն օր առաջ կտեղեկացնի ծնողներին ու հարազատներին, նաեւ՝ լրագրողներին, եւ ընդհանուր քննարկման արդյունքում կփորձեն պարզաբանումներ տալ խնդիրներին:



Ֆելիքս Եղիազարյան