Ովքեր կարող են լինել ՀԱԿ թոփ տասնյակում

Ովքեր կարող են լինել ՀԱԿ թոփ տասնյակում
Երեկ ՀԱԿ երկու ներկայացուցիչներ՝ Արամ Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը, ասուլիս են տվել եւ հայտարարել, որ իրենք այլեւս չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սա նշանակում է, որ ՀԱԿ-ում պատրաստվում են հերթական ընտրություններին: Եթե ՀԱԿ-ը նոր է որոշել պատրաստվել խորհրդարանական ընտրություններին, ապա ՀԱԿ ներկայացուցիչները դրան պատրաստվում են բավական տեւական ժամանակ:



Այդ նախապատրաստությունն արտահայտվում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորինս մոտ գտնվելու համար մղվող պայքարով:



Միակ հարցը, որ կարող է առաջանալ այդ նախապատրաստական աշխատանքների ընթացքում, այն է, թե արդյոք ՀԱԿ առաջնորդը կկարողանա՞ այնպես կազմել ցուցակը, որ այն չսպառնա այս միավորման գոյությանը, քանի որ ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր փաստարկները ցուցակի առավել անցողիկ տեղերում հայտնվելու համար:



Անհայտ է մնում միայն, թե ինչ են հասկանում ՀԱԿ ներկայացուցիչներն «անցողիկ տեղ» ասելով: Հնարավոր է, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասի, որ Կոնգրեսի վարկանիշն այնքան բարձր է, որ ցուցակի առնվազն առաջին 40 ներկայացուցիչները հայտնվելու են խորհրդարանում:



Բայց ՀԱԿ-ը միամիտների հավաքատեղի  չէ, եւ այնտեղ կան մարդիկ, որոնք կարող են ընտրություններից շատ առաջ, մեկ տեղի ճշգրտությամբ պարզել, թե ինչպիսի ներկայացվածություն է ունենալու ՀԱԿ-ն ապագա խորհրդարանում: Այնպես որ պայքարը գնալու է առաջին տասնյակում տեղ ունենալու համար:



Փորձենք հասկանալ, թե ովքեր կարող են պայքարել անցողիկ տեղերի համար, եւ որքանով կարող են բավարարվել նրանց ամբիցիաները: Պարզ է, որ ցուցակի առաջին համարի համար պայքար չի լինի, եւ բոլորը մեծահոգաբար այն կզիջեն Լեւոն Տեր-Պետրոսյանին:



Այնպես որ մինչեւ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններին անցնելը իմաստ ունի քննարկել այն թեկնածուներին, ովքեր համարվում են Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ: Որպես այդպիսիք են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Աշոտ Սարգսյանը, Մանուշակ Պետրոսյանը, Դավիթ Շահնազարյանը, Երջանիկ Աբգարյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչ-որ իմաստով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Չի կարելի անտեսել ՀԱԿ «ուժայինների» թեւին, որը գլխավորում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը, Տեր-Պետրոսյանին միանալով, կորցրեց իր պաշտոնը:



Իրենց պատգամավորական մանդատները կորցրեցին ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը, որոնք կփորձեն Տեր-Պետրոսյանի միջոցով հետ բերել կորցրածը: Պատգամավորական ցուցակը կազմելիս Տեր-Պետրոսյանը պետք է հաշվի առնի, իր իսկ բնորոշմամբ, ՀԱԿ առանցքը կազմող երեք կուսակցությունների ներկայացուցիչներին: ՀՀՇ-ից պատգամավորական ամբիցիաներ ունեն ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցությունից մանդատի հավակնորդներ են կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Սմբատ Այվազյանը, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, ինչ-որ իմաստով՝ Աջափնյակի նախկին թաղապետ Ռաֆիկ Մկրտչյանը:



ՀԺԿ պատգամավորացուներն են կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Գրիգոր Հարությունյանը, կուսակցության քարտուղար Ստեփան Մինասյանը, ինչ-որ իմաստով՝ ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանը:  Թոփ տասնյակում լինելու լուրջ հավակնություններ ունի Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաեւ նույն կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը:



Արժանավորների շարքն այսքանով չի ավարտվում. այս ցուցակում են Ազատական առաջադիմական կուսակցության նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը: Այս շարքը կարելի է համալրել ՀԱԿ-ին անդամակցող այլ կուսակցությունների ներկայացուցիչներով, տարածքային կառույցների ղեկավարներով:



Ինչպե՞ս 30 մարդու տեղավորել առաջին տասնյակում. սա մի անլուծելի խնդիր է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում կանգնած է լինելու Տեր-Պետրոսյանի առջեւ: Նա ընդամենը երկու տարբերակ ունի. կարող է իր հայեցողությամբ կազմել ցուցակը, իսկ դժգոհներին ասել, որ կարող են լքել ՀԱԿ շարքերը, հույս ունենալով, որ որեւէ մեկը չի համարձակվի նեղանալ «հիմնադիր նախագահից»:



Մյուս տարբերակն այն է, որ Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ իր համար խորհրդարանական ընտրությունները որեւէ կարեւորություն չեն ներկայացնում, եւ ինքը մտադիր է չմասնակցել դրանց, իսկ ընտրացուցակ կազմելու գործը թողնել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին, այդկերպ նրա կողմ ուղղելով դժգոհության ալիքը:



Բայց այս երկու տարբերակներն էլ իրենց մեջ ռիսկ են պարունակում, քանի որ դժգոհներ երկու դեպքում էլ լինելու են, իսկ նրանց վարքագիծը կանխատեսելը բավական դժվար կլինի: Միակ բանը, որ կարող է լուծել բոլոր խնդիրները՝  նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, ինչը եւ պահանջում է ՀԱԿ-ը:



Ավետիս Բաբաջանյան