Տրակտորը հանում էր դիակների մասերը

Տրակտորը հանում էր դիակների մասերը
12 օր առաջ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի վայրում փրկարարները չնայած ավարտել են աշխատանքները, սակայն աղետի վայրում ճանապարհաշինարարներն են: Հիշեցնենք, որ փլուզումն սկսվել էր M6 միջպետական մայրուղու 83-րդ կմ-ին,  Վանաձոր-Բագրատաշեն հատվածում՝ Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ:



Փլվածքի երկարությունը  մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը՝ 10-15 մետր: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, այդ սողանքն  իր մեծությամբ 2-րդն է Հայաստանում վերջին 100 տարում: Նման  մեծությամբ  առաջին  սողանքը եղել է 2007-ին` Խոսրովի անտառում: Սողանքի վայրում 4-օրյա հերթափոխով աշխատած փրկարարները խիստ վրդովված էին այն լուրերից, որ փրկարարները  դիակների վրայից ոսկի են գողանում կամ մեքենաներից՝ ձայնագրիչներ:



«Մի պահ ամաչեցի ազգիս համար: Երեւի ոչ մեկը չէր ուզենա, որ էդտեղ էդ օրերին լիներ, ինչ մնաց թե մեր ապագայի մասին մտածենք»,- պատմեց փրկարարներից մեկը: Ըստ նրա, անհնար էր այդ հոտի, փոշու մեջ մտածել այլ բաների մասին: «Պատկերացրեք տրակտորը հանում է հողի տակ մնացած մարդկանց:



Դուրս է գալիս ձեռքը, հետո՝ մարմնի մի մասը, հետո՝ ամբողջական մարմինը: Այդ պահին կմտածեի՞ր մեկի մատանին հանեիր կամ գրպանը մտնեիր»,- ասում է զրուցակիցս: Նրա խոսքով, պահը սարսափելի էր. չնայած դիմակներով են աշխատել, բայց էլի հոտը քթի մեջ է: Փրկարարները մնում էին վրանային քաղաքում:



«Գիշերները, որպեսզի մի քիչ լիցքաթափվենք, փորձում էինք համեմատել Ազատության հրապարակի վրանային քաղաքը մեր վրանային ավանի հետ»,- ասում է փրկարարը: Գիշերելու տեղից չեն բողոքում, սնունդը մի քիչ անհաջող էր, բայց յոլա էին տանում: «Իսկ երբ նախարարն էր գալիս, այդ օրերին մի քիչ սննդի վիճակը բարելավվում էր»,-ասում է նա: Բայց առաջնահերթը ժամ առաջ անհետ կորածներին գտնելն է եղել, քանի որ հարազատներն անհանգիստ էին, ասում էին՝ գոնե դիակները տանենք-թաղենք-հանգստանանք: Մեր տեղեկություններով, սողանքի գոտում աշխատանքներ իրականացնելու համար պետբյուջեից զգալի գումար է հատկացվել: Դրա մի մասը պետք է տրվի փրկարարներին՝ որպես աշխատավարձ եւ պարգեւատրում: Սակայն նրանցից ոչ մեկը դեռ չի ստացել այդ գումարը: Մեր այս դիտարկմանը փրկարարը նկատեց, որ սպասում են:



«Մոսկվայում վերջերս բռնկված մեծ հրդեհի փրկարարական աշխատանքներին էլ մասնակցեցինք, վերադառնալուց հետո ստացանք հավելավճար»,- ասում է փրկարարը: Ի դեպ, տեղացող անձրեւի պատճառով որոնողական աշխատանքները սողանքային գոտում դադարեցվել են: Փրկարար ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, այն ամենը, ինչ մտնում է իրենց պարտականությունների մեջ, լիովին արվել է: Հայտնաբերվածը՝ լուսանկարներով եւ այլ մանրամասներով, հանձնվել է պատկան մարմիններին:



Ինչ վերաբերում է կորած «Օպել» մակնիշի մեքենային, ապա, ամենայն հավանականությամբ, այն արդեն վերածվել է մետաղի ջարդոնի, որի հայտնաբերումն այլեւս հնարավոր չէ եւ իրենց պարտականությունների մեջ չի մտնում: