Վերադարձրեք մեր բնակարանները

Վերադարձրեք մեր բնակարանները
«Վերադարձրեք մեր տները». այս եւ նման այլ վանկարկումներով երեկ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Գեւորգ Չաուշի 14/3 եւ  Նորաշեն 37 հասցեների անավարտ բնակելի շենքերի բնակիչները: Նրանք պահանջում էին արդար լուծում տալ իրենց բնակարանների շուրջ ստեղծված անհասկանալի պատմությանը եւ շարունակել նախաքննությունը:



Ակցիայի մասնակիցները դեռ 10 տարի առաջ պայմանագրեր էին կնքել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ` նորակառույց շենքում բնակարաններ ձեռք բերելու համար: Շենքերի շինաշխատանքներն ավարտին մոտենալու շրջանում կոոպերատիվի տնօրենը բնակարանները գրավադրել է եւ վարկ վերցրել:



Բարձրացված աղմուկից հետո միայն «Էսկո կոնցեռնը», որի տնօրեն Սարգիս Աղաբեկյանին եւս մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու համար, իր գրավադրած 23 բնակարանները վերադարձրել է  բնակիչներին:



Այս պատմության մեջ չնչին գումարներով ուրիշներին պատկանող բնակարանները ձեռք բերած սեփականատերերի ցուցակում շրջանառվում է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու անունը: Ակցիայի ժամանակ մասնակիցները պարզել էին նաեւ «Հերմինե Նաղդալյան, ետ վերադարձրու քեզ մոտ ապօրինի գրավադրված մեր տները» բովանդակությամբ պաստառներ:



Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը եւ խոստացել հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված հարցին: