«Ժառանգությունը» հանդիպեց շենգավիթցիների հետ

«Ժառանգությունը» հանդիպեց շենգավիթցիների հետ
Այսօր Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հանդիպումը Շենգավիթի բնակիչների հետ: Հանրահավաք-հանդիպումը վարում էր ԱԺ ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Վերջինն իր ելույթում նշեց այն հիմնախնդիրները, որոնք այսօր առկա են մեր հանրապետությունում:



Պատգամավորն անդրադարձավ նաեւ կրպակատերերի սոցիալական խնդիրներին. նրանց հետ միասին «Ժառանգությունը» պայքարել է, սակայն նրանք դեռ չեն հասել լուրջ հաջողությունների. «Այս ամառ, երբ բոլոր պատգամավորները հանգստանում էին, մենք բոլորս ժողովրդի հետ միասին պայքարում էինք, որ չապամոնտաժվեն կրպակները: Իհարկե հասկանում ենք, որ դա արվում է իրենց իսկ սուպերմարկետների համար»:



«Ժառանգության» պատգամավորը նշեց նաեւ , որ իրենց խմբակցությունը միակն է, որտեղ չկան գործարար պատգամավորներ. ըստ Արմեն Մարտիրոսյանի` մնացած բոլոր խմբակցություններում էլ կան գործարարներ:



Վերջերս ԵԽԽՎ նստաշրջանից վերադարձած «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, բացասական համարելով Եվրոպայի դիրքորոշումը, դրա մեջ մեղավոր համարեց մեր անտարբեր հայրենակիցներին` ասելով.



«Անտարբերությունից է, որ Եվրոպան էլ մեր հանդեպ է դարձել անտարբեր, մենք երազում ենք ազատ ու անկախ Հայաստանի մասին, մենք հայ ենք, ուզում ենք լավ ապրել եւ լավ ապրել լավ երկրում դրա համար անտարբեր լինել հարկավոր չէ»:



Հանդիպման վերջում ելույթով հանդես եկավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մասնավորապես ասաց.



«Այստեղ, Երրորդ մասը, Շենգավիթը բոլորս հիշում ենք, թե ինչ արդյունաբերական կենտրոն էր, այստեղ սիրտն էր մեր արդյունաբերության, հիմա այլեւս ոչինչ չի մնացել, ավելին` գրեթե բոլոր գործարանները սեփականաշնորհվել ու վաճառվել են:  Բոլորը հիմա ասում են, թե Հայաստանում փող չկա: Ոչ, Հայաստանում փող կա, եթե մենք ունենք պետական բյուջե, ուրեմն ունենք փող, սակայն այսօր զարկ են տվել ստվերային տնտեսությանը, մեր երկրում ստվերային բիզնեսը կազմում է մեկ միլիարդ դոլար, ինչը գրպանվում է, իսկ եթե այդ գումարները չգրպանվեն, դրանցով կբարձրացվեն թոշակներն ու աշխատավարձերը, կբացվեն աշխատատեղեր»:



«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը իր ելույթում անդրադարձավ նաեւ վերջին շրջանում բանակում տեղի ունեցող իրադարձություններին. «Մեկ շաբաթում 3 զոհ, այդ երեք զոհերն իմ որդիներն են, ես ցավ եմ ապրում իմ զավակներիհամար: Ճիշտ է` ես հպարտ եմ մեր բանակի առկայությամբ, սակայն այդ օլիգարախ ու բիզնեսմեն զորավարներին պատժելու ժամանակն է, նրանց պատճառով է այսօր այդքան սպանություն լինում, սպանություններ, որոնք թշնամու գնդակից հեռու են»:



Նման հավաքներ կուսակցությունը նախատեսում է հաճախակի անցկացնել, մյուս հավաք-հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, Գյումրիում:



Հարություն Մկրտչյան