Մամուլի բացառիկ դերը ժողովրդավարության ճանապարհին

Մամուլի բացառիկ դերը ժողովրդավարության ճանապարհին
Աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում` օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների կողքին մշտապես, անբաժան գործում է նաև չորրորդ իշխանությունը` մամուլը, որն իշխանության թև լինելուց բացի, համարվում է նաև ժողովրդավարության հիմնասյուներից մեկը: Ասվածը` որպես իրողություն, վաղուց արդեն համարվում է արևմուտքի և Եվրոպայի ժողովուրդների կենսակերպի անբաժանելի մաս: Հետաքրքիր է, թե այդ առումով ինչպիսի՞ն է վիճակը մեր` նորաթուխ ժողովրդավարական երկրում: Գաղտնիք չէ, որ ժողովրդավարություն անվանումն ինքնին` ոչ այլ ինչ է, քան,  որ երկիրը պետք է վարի հենց ժողովուրդը:



Պակաս կարևոր չէ, թե Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում ի՞նչ դեր ունի մամուլը: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ առանց մամուլի անհնար կլիներ տեղյակ լինել, թե Հայաստանում` 90-ականներից սկսած, ինչպես են ընթացել բոլոր մակարդակի ընտրական գործընթացները, որոնց դերը գերագնահատելը ժողովրդի կյանքում` գրեթե անհնար է:



Իմ կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այսօր միարժեքորեն ադեկվատ է ընտրությունների անցկացման թափանցիկությանը, ազատ, արդար անցկացմանը: Այսպես, թե այնպես, այս ամենն ընթացել է մեր աչքի առջև և համարյա ամենքիս է հայտնի ողջ իրականությունը:



Եթե չլիներ մամուլը, ապա վերը ասվածին` ժողովրդի տեղյակ լինելու հնարավորությունները էապես կփոքրանար և ժողովուրդը համարյա կիսով չափ դուրս կմնար երկրում ընթացող իրադարձություններին տեղյակ և մասնակից լինելուց ու չէր կարող  գնահատել, թե ժողովրդի ընտրյալներն ինչ չափով են իրագործում` իրենց մանդատ պարգևող ժողովրդի կամքը:



Եթե սրան էլ ավելացնենք երկրում տեղի ունեցող գործընթացների բազմաքանակությունը, ապա պարզ է դառնում, որ դրանց արձանագրումը գրեթե անհնար էր առանց մամուլի: Այլ խոսքով, մամուլը` ոչ ավելի, ոչ պակաս` կյանքի հայելին է: Փաստորեն, լակմուսի այլ թուղթ, քան մամուլն է` իրականության մեջ գոյություն չունի, որը կարողանա շարունակաբար  արտապատկերել երկրում ընթացող բոլոր գործընթացները, ժողովրդին իրազեկել այդ ամենի մասին և որպես իշխանության թև` հնարավորություն ստեղծի վերահսկել այդ գործընթացներն ու զսպել` օրենսդրական դաշտից դուրս գտնվող բազմաթիվ իրադարձություններ:



Ամփոփելով` կարելի է վստահաբար ասել, որ չնայած բազմաթիվ խոչընդոտներին, լրագրողների անուրանալի տառապանքի գնով մամուլն այնուամենայնիվ մեր երկրում կայացել է և նրանց բոլորին ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի` մամուլի օրվա կապակցությամբ:



Անանիա Մաղաքյան



«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ,  «Հանուն հայության հարատևման շարժման» Զեյթուն գրասենյակի համակարգող