Դեսպանատան նախկին աշխատակիցը թունդ ընդդիմադիր է դարձել

Դեսպանատան նախկին աշխատակիցը թունդ ընդդիմադիր է դարձել
Բելգիայում Հայաստանի դեսպանության արդեն նախկին երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսին, Հայաստան չվերադառնալու պատրվակով որոշել է «թունդ ընդդիմադիր» խաղալ Բելգիայի իշխանությունների աչքին՝ վերջիններիցս քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով: Մուշեղը հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի եղբոր՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին է: Ուշագրավ է, որ ներկայիս ընդդիմադիրն օտար երկրում Հայաստանի հյուպատոսական կորպուսի ներկայացուցիչ է կարգվել բավականին լարված ժամանակահատվածում՝ 2009-ի հուլիսին:



Մի շրջան, երբ արտերկրում մեր դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ «Մարտի 1»-ի վերաբերյալ անգամ անզգույշ արտահայտություն անելու պարագայում զրկվում էին պաշտոնից: Մինչդեռ Մուշեղ Մկրտչյանը սիրով է լծվել այդ գործին: Ընդ որում, ըստ խոսակցությունների, հենց հոր պարագան է դեր խաղացել, որ որդուն նշանակել են նշված պաշտոնում: Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները վրդովված են այս փաստից եւ նամակ են գրել խմբագրությանը:



«Նա երկար տարիներ օգտագործել է Հայաստանի դիվանագիտական անձնագիրը, օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից, բուժվել Հայաստանի Հանրապետության պետբյուջերի փողերով, երկու տարվա մեջ էլ երեւի երկու անգամ աշխատանքի չի գնացել: Հիմա էլ մարդը չի ուզում վերադառնալ իր հայրիկի փայփայած Սերժիկ Սարգսյանի ղեկավարած հրաշք երկիր, ստիպված քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայի իշխանություններից: Թունդ ընդդիմադիր է ուզում խաղալ, որպեսզի իր անձնական հարցերն այստեղ կարգավորի»,- մասնավորապես գրված է նամակում: «Եթե այդքան ընդդիմադիր էր, ինչի՞ հենց Մարտի 1-ից հետո, երբ նշանակվեց, այդ ժամանակ քաղաքացիական դժգոհություն չարտահայտեց կատարվածի վերաբերյալ»,- հարց են հնչեցրել Բելգիայում ապրող մեր հայրենակիցները:



Ի դեպ, «ընդդիմադիր» Մկրտչյանը, պարզվում է, տարաձայնություններ ունի  Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի հետ, որի գործունեությանը Մկրտչյանը սկսել է հրապարակային անդրադառնալ: Չնայած վերջինս նախկինում ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահն է ու ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պրոիշխանական դիրքերից ներկայացնելու գործում ակտիվ դերակատարում է ունեցել, սակայն հարց է ծագում՝ ինչու՞ Մկրտչյանն իր «հալածյալության» եւ Ադոնցի գործունեության մասին հիշեց եւ բարձրաձայնեց  պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:



Մոտ մեկ ամիս առաջ Մուշեղ Մկրտչյանը «Facebook»-ի իր էջում գրառում էր կատարել Ադոնցի մասին՝ գրելով, որ նա ձեռի հետ զբաղված է ամենատարբեր գործունեություններով` կամերային նվագախմբի տոմսեր վաճառելուց մինչեւ աշխատողներից գումարներ շորթելն ու ապատեղեկատվություն տարածելը։ Իր էջում Մկրտչյանը հումորով ներկայացրել էր փոքրիկ միջադեպ, որը տեղի էր ունեցել Հայաստանի բարձրաստիճան պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն կատարած այցի ժամանակ. իբր դեսպան Ադոնցը չի զլացել անգամ յուրացնել հայկական պատվիրակությանը դիմավորելու համար նախատեսված ավտոմեքենաների լվացման փողը` 28 եվրոյի փոխարեն վճարելով 20 եվրո։



Եվ հավելել էր, որ Ադոնցը ոչ միայն ավտոմեքենաների լվացման գումարներն է յուրացնում, այլեւ ավելի մեծ գումարներ։ Գրել էր նաեւ, թե Բրյուսելում դեսպանության երկրորդ քարտուղարի բնակարանի վարձակալման համար հատկացվում է մոտ 1200 եվրո, սակայն երկու տարի իր բնակարանի համար վճարվել է 1000 եվրո։ «Ո՞ւր է գնացել այդ գումարը։ Արդյո՞ք դա ֆինանսական չարաշահում չէ»,- հարց էր հնչեցրել Մկրտչյանը: Հավանաբար պաշտոնը չվտանգելու համար է Մկրտչյանն աչք փակել կեղծիքների վրա եւ հիմա էլ բարեկեցության համար «փուռն է» տալիս իր վերադասին: Երեկ մենք փորձեցինք Ալբերտ Մկրտչյանից մանրամասներ պարզել, մասնավորապես՝ չի՞ վերադառնալու իր տղան Հայաստան: Սակայն կինոբեմադրիչին անչափ վրդովվեցրեց տղայի թեմայով խոսելու մեր առաջարկը, նա հրաժարվեց զրուցել եւ միայն նյարդայնացած ասաց, որ իրեն ցավ չպատճառենք եւ չհարցնենք  որդու մասին:



«Այո, ինքը չի վերադարձել, որովհետեւ ծանր հիվանդ ա: Եվ հիմա չեմ ուզում իր հիվանդության մասին խոսեմ, ինքը բժիշկների հսկողության տակ ա եւ իրավունք չունի առայժմ դուրս գա այնտեղից»,- հայտնեց Մկրտչյանը, մնացած խոսակցությունները «լրիվ հերյուրանք համարելով»: