Հայը ո՞րն է, էն, որ ռո՞ւս է

Հայը ո՞րն է, էն, որ ռո՞ւս է
Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտությունների այս խառն ու բարդ շրջանում որոշել է բազմապատկել մեզ առաջարկվող գլուխկոտրուկները: Որպեսզի հստակ իմանաս, թե այս կամ այն կողմն ինչ է մտադիր անել, պետք է կողմի անելիքն իրենից լսես: Իսկ քաղաքականության մեջ, հատկապես վերջերս, մեկը մյուսին «պաս» են տալիս, խոսում են մեկը մյուսի անունից, ու մի սիրուն օր էլ այն կողմը, որի անունից խոսել են, կարող է կանգնել ու ասել` գիտե՞ս ինչ, այ ժուռնալիստ, ես նման բան չեմ ասել, նման մտադրություն էլ չեմ ունեցել:



Հոկտեմբերի 17-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, թե Հայաստանը «հաստատուն քայլերով է գնում է դեպի Եվրամիություն»: Զարմանքից բերանս բաց մնաց: Մի քանի պատճառներով:



Նախ, ֆրանսիացի բարեկամ, պարզ չէ` դու Ֆրանսիայի՞ կարծիքն ես արտահայտում, թե՞ Եվրամիության կողմից ես հայտարարություն անում: Ճիշտ է, ասուլիսի ընթացքում դեսպանը սրան պատասխանեց, թե հայ-ֆրանսիական հարաբերությունները սերտ կապված են Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունների հետ: Աղվեսախոսք: Բա որ մի օր էլ ԵՄ-ն կանգնի ու պնդի, թե ես հայերին անդամակցություն չեմ խոտացե՞լ:



Երկրորդ հերթին՝ մեր էս ռուսամետ Հայաստանը ե՞րբ ոտի ելավ, որ հիմա էլ ճանապարհ է ընկել դեպի Եվրոպա: Մեզ իշխանությունները նման բան չեն ասել: Ընդհակառակը, 2007-ին Քոչարյանը Գերմանիայում գերմանացիներին «Շպիգելում» պարզ բացատրեց, որ «Հայաստանը մտադրություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու: Ոչ էլ Եվրամիությանը. մենք ռեալիստ ենք»: Ներկայիս նախագահը 2007-ին նույնպես դեմ էր այդ անդամակցությանը. նա եվրոպացիներին հասկացրել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը չի բխում մեր ազգային անվտանգության շահերից. Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, ոտնձգություն կատարեց Կիպրոսի դեմ, օրինակ էր բերել այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիմա, փաստորեն, ռեալիզմից անցել ենք ռոմանտիզմի ու գնում ենք դեպի Եվրոպա՞: Ախր այս հայտարարությունը հնչեցրել է Ֆրանսիայի դեսպանը: Մեր իշխանությունների փոխարեն: Դե հիմա՝ ես չեմ, դուք եք`սա հավաստի՞ տեղեկություն է, թե՞ ոչ: Մերոնք այսպիսի հայտարարություն չեն անի, թե չէ անգազ կնստենք: Ո՞նց իմանանք, քանի որ ռուսներին հիշեցինք, որտեղ է թաղված շան գլուխը:



Եվս մի պատճառ կա, թե ինչու ենք դժվարանում հավատալ Անրի Ռենոյի խոսքերի իսկությանը: Ընդունելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հավանականությունը, նա միաժամանակ ընդգծել է Ֆրանսիայի բացասական վերաբերմունքը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Գուցե Հայաստանին անդամագրության խոստումն ընդամենը մի ավելորդ շառաչուն ապտա՞կ է հինգ տարի շարունակ անդամակցություն ակնկալող թուրքերին: Թուրք պաշտոնյաներից մեկն այս կապակցությամբ վերջերս ասել էր, որ ԵՄ-ն իրեն պահում է այն ուսուցչի նման, որը չի ցանկանում, որ աշակերտը քննությունը հանձնի: Թուրք աշակերտը:



Հիմա ումի՞ց հարցնենք, որ մարդավարի բան ասեն, բան հասկանանք: Հայաստանը սայլ է, որ երկու կողմից ձգում են ռուսներն ու եվրոպացիները. որ մեկը ուժեղ ձգի, այն կողմն էլ կգնանք: Պիտի ուժ չափենք: Էդ էլ քաղաքագետների գործն է, թող իրենք էլ անեն: Էս երկրում հո մենակ ժուռնալիստները չեն, որ պարտավոր են աշխատել:



Աստղիկ Սարգսյան