«Ժառանգությունն» ի՞նչ խաղերի մեջ է

«Ժառանգությունն» ի՞նչ խաղերի մեջ է
Քաղաքական դաշտում խաղացող բոլոր ուժերը՝ ընդդիմադիր թե իշխանական, արդեն դիրքավորվում են: Հետաքրքիր իրավիճակում է հայտնվել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Վերջին շրջանում խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին կարելի է տեսնել ոչ միայն ամենուր, որտեղ կա բողոքի ակցիա, այլեւ նույնիսկ Հ1-ի եթերում: Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Հ1-ի Նվեր Մնացականյանի «Առաջին հաղորդում» խորագրի հյուրն էր, Լարիսա Ալավերդյանը՝ «Երգ երգոց» մշակութային ծրագրի: Իրողությունը քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակների կողմից տարընկալումների առիթ է հանդիսացել:



Ոմանց կարծիքով, խնդիր է դրված ընդգծել ընդդիմադիր դաշտում կուսակցության դերակատարությունը եւ հանրությանը հենց այս ուժին ներկայացնել իբրեւ ընդդիմության իրական խաղացող: Ուշագրավ է, որ իշխանական կլանի մաս կազմող «12» հեռուստաալիքի եթերով օրը մի քանի անգամ իրազեկվում էր հոկտեմբերի 15-ին Նժդեհի հրապարակում քաղաքացիների հետ «Ժառանգության» հանդիպումը: Մինչդեռ ՀԱԿ-ի հոլովակները, ինչպես հայտնի է՝ ոչ մի հեռուստաեթերով չեն ցուցադրում:



Իհարկե, Հ1-ի աչքերը չեն ուռել «Ժառանգության» համար, պարզապես կարծես թե փորձ է արվում կրկնել 2003-ի սցենարը եւ ընդդիմադիր ուժերի միջեւ խանդ ստեղծել՝ այդպիսով չեզոքացնելով բոլոր հնարավոր միավորումների վտանգը: Մանավանդ եթե արձանագրենք, որ Հ1-ի եթերում «Ժառանգությունը» հայտնվեց այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Ազատության հրապարակում ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներին եւ զրույց ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, ՀԱԿ վերջին «անհաջող» հանրահավաքների պատճառով է, որ «Ժառանգությունը» «նպաստավոր» պայմաններում է հայտնվել:



«Եվ քանի որ իշխանությունների համար «Ժառանգությունն» ավելի նպաստավոր, ավելի ցանկալի ընդդիմություն է, քան ՀԱԿ-ը, նա չարյաց փոքրագույնն է իշխանությունների համար, հետեւաբար քաղաքական այդ ուժին ավելի նպաստավոր պայմաններ կտրամադրվեն, քան Կոնգրեսին»,-նշեց քաղաքագետը: Այս ֆոնին ուշագրավ է, որ ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը խրոխտ հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «ամենաքիչը կկրկնապատկեն իրենց տեղերը», նույնիսկ «ժամանակ կա ավելի մեծ ու հավակնոտ հայտ ներկայացնելու»:



«Ոչ թե ծախու սոցիոլոգները եւ տեխնոլոգները, որոնք շուտ-շուտ ասում են` ««Ժառանգությունը» չի անցնի խորհրդարան, որ չմոռանան», այլ կարծիք հայտնող քաղաքագետներին տեղն է դրել Խուրշուդյանը: Միաժամանակ իրենց դուռը փակ չէ նույնիսկ «ամենաանպարկեշտ ընդդիմախոսների հետ» համագործակցության համար: «Ինչ վերաբերում է հնարավոր դաշինքներին, ապա մենք պետք է զգանք հասարակական պատվերը, եւ եթե կա համախմբման պատվեր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, ապա կուսակցությունը կգնա այդ քայլին: Սակայն առայժմ չկա նման ձեւաչափի անհրաժեշտություն, հետեւաբար վաղաժամ է այդ մասին խոսելը»,- նշել էր Խուրշուդյանը:



Հնարավոր համագործակցության սցենարներից նա կանգ է առել հատկապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների վրա, ասելով. «Շատ լավ հարաբերությունների մեջ ենք այդ քաղաքական ուժի հետ, ողջունում ենք նրանց մուտքը քաղաքական դաշտ»: Իսկ այլ ուժերի հե՞տ:  «Մենք կարող ենք դաշինք կազմել թե ՀՅԴ-ի հետ, թե ՀԱԿ-ի, թե այլ ուժի հետ: Եթե մեր մոտեցումներն ու գաղափարներն ընդհանուր հայտարարի բերենք, որեւէ խնդիր չեմ տեսնում: Եթե վաղը Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն որոշի, որ հետ է կանչում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունը, ճանաչում է ԼՂ անկախությունը, արտահերթ ընտրություններ է պատրաստ իրականացնել, նոր Սահմանադրություն ընդունել, որը պառլամենտական կառավարում կբերի, ընդդիմությանը վերահսկողության գործառույթներ կընձեռվեն, մարտի 1-ի սպանության բացահայտում կլինի, օլիգարխիայի վերացում, եւ ընդ որում այս ամենը պետք է իրագործվի երեք նախագահների եռանկյունուց դուրս, ապա մենք կմտածենք նաեւ նրա հետ համագործակցել, որն իհարկե անիրական է»,- մեզ հետ զրույցում նշեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:



Մեր այցելության պահին «Ժառանգության» գրասենյակում էին միայն պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ու մի քանի աշխատակիցներ: Պարզվեց՝ կուսակցականները զբաղված են մարզեր այցելելով եւ հասարակական պահանջը պարզելով: Եվ, ըստ այդ ցուցանիշների, ինչպես Մարտիրոսյանն ասաց, լուսանցքում հայտնվելու մտավախություն չունեն: Իսկ «Ժառանգությանը» տեսնո՞ւմ են մի ճամբարի մեջ, որը կսատարի Ռոբերտ Քոչարյանին. «Ոչ, ոչ, մենք պայքարում ենք գործընթացները հանել երեք նախագահների եռանկյունուց»,- նշեց Մարտիրոսյանը:



Ի դեպ, վերջինիս հետ չկարողացանք երկար զրուցել, քանի որ նա շտապում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ հանդիպման: Թե ինչի մասին էին խոսելու՝ չգաղտնազերծեցին: «Մենք հաճախ ենք հանդիպում»,- ասաց Քոքոբելյանը: «Իսկ ե՞րբ եք պատրաստվում հայտարարել կուսակցությունների միավորման մասին»  մեր դիտարկմանը պարոնները  կատակով պատասխանեցին, թե արդեն միավորվել են: